ՀԾԿՀ-ն ընդունեց իր իսկ առաջարկը գազի սակագների վերաբերյալ՝ հազար խորանարդ մետրի դիմաց 266,7 դոլար

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյան, արխիվ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ընդունեց իր իսկ առաջարկը գազի սակագների վերաբերյալ, ըստ որի՝ հազար խորանարդ մետր գազի գինը կկազմի միջինը 266,7 դոլար:

Ըստ այդմ՝ գազի սակագինը բնակիչների համար չի բարձրանում, իսկ տնտեսվարողների համար բարձրանում է միջինը 4,5 տոկոսով: Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն հուլիսի 19-ից:

Բացի այդ, ՀԾԿՀ որոշմամբ, «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակազմը կկրճատվի շուրջ հազար աշխատակցով:

Գազի սակագնի հարցը հանձնաժողովում այսօր էր քննարկվում: «Գազպրոմ Արմենիա»-ն ընդունելի էր համարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մոտեցումը գազի սակագների հարցում, սակայն ոչ բավարար: Ըստ ընկերության գլխավոր տնօրենի Հրանտ Թադևոսյանի՝ գազի սակագինը պետք է սահմանվեր ոչ պակաս քան 275 դոլար։

Հիշեցնենք, ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա»-ն սպառողներին մատակարարվող գազի սակագների վերանայման հայտով դիմել էր ՀԾԿՀ, հանձնաժողովն էլ սեփական առաջարկներն էր ներկայացրել, ըստ որոնց՝ սակագների բարձրացումն ավելի քիչ պետք է լիներ, քան «Գազպրոմ Արմենիա»-ի հայտով էր նախատեսվում:

Մանրամասները՝ քիչ անց