Մատչելիության հղումներ

«Կունենանք շատ մեծ պրոբլեմներ»․ «Գազպրոմ Արմենիա»-ն պնդում է թանկացման հայտը՝ խոսելով սպառնալիքներից


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) առաջարկում է Հայաստանում բնական գազի 4,5 տոկոս գնաճ՝ ռուսական ընկերության առաջարկած 11 տոկոս թանկացման փոխարեն։ Այսօր այս հարցով հանձնաժողովում շուրջ երեք ժամ ձգված քննարկմանը ներկա էր նաև «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչ Հրանտ Թադևոսյանը, ով իր խոսքը սկսեց սպառնալիքներից:

«Եթե մենք շարունակենք նման ընթացիկ ծախսերով, նման ներդրումներով, մենք համակարգում այլևս չենք կարողանալու բերենք այն 2 միլիարդ կամ 2,2 միլիարդ գազը, որը մինչև հիմ բերում ենք: Այսինքն՝ եթե գազը մեկ կամ երկու օր ընդհատվի, վստահեցնում եմ ձեզ, որ կունենանք շատ մեծ պրոբլեմներ: Ուզում եմ ձեզ հիշեցնել 2014 թվականի փետրվարի 3-ը և Վանաձոր քաղաքը, մոտավորապես երեք օր ունեցանք, էս ընթացքում ամբողջ տնտեսությունը Վանաձորի կանգնեց, եթե հիշում եք, հոսանքը չդիմացավ, նախատեսված չէր դրա համար: Ես ոչ թե վախեցնում եմ, ես ուղղակի նրա համար եմ, որպեսզի պարտավոր եմ ֆիքսել այն ճշմարտությունը, որը կա», - ասաց Հրանտ Թադևոսյանը:

Ռուսաստանի պետական «Գազպրոմ»-ի դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է նույնական գազի գին սահմանել բոլոր բաժանորդների համար՝ չեղարկելով սոցիալապես անապահովներին մատչելի գնով գազի տրամադրումը, ինչի արդյունքում գազը նրանց համար կտրուկ՝ շուրջ 36 տոկոսով կթանկանա։ Մինչդեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է անփոփոխ թողնել սոցիալապես անապահով խավին տրվող արտոնությունը։

«Գազպրոմ»-ի հայտում և հանձնաժողովի պատասխան առաջարկում մի քանի այլ փոփոխություններ էլ կան, արդյունքում սպառողներին վաճառվող բնական գազի միջին սակագինը «Գազպրոմ»-ի հաշվարկներով 283,14 դոլար է հազար խորանարդ մետրի դիմաց, ՀԾԿՀ-ի հաշվարկներով 266,71 դոլար:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամը նկատում է՝ հաշվարկները հիմնված են գործող նորմատիվների և մեթոդիկայի հիման վրա, որի մշակողը Հայաստանում համաձայն օրենսդրության նույն «Գազպրոմ Արմենիա»-ն է, հիմնավորմամբ, որ այն մասնագիտական կառույց է:

«Ունենք նորմատիվներ նյութերի նորոգման ծախսերի, որ ընկերությունը, ինչպես նշվեց պարոն Թադևոսյանի կողմից, տարբեր պատճառներ կան դրա համար, բայց երբևէ այդ ցուցանիշներով չի իրականացրել: Այսինքն՝ միշտ բավարարվել են, այսպես ասած ավելի փոքր ծավալներով: Նախատեսվում է աննախադեպ մեծ ներդրումային ծրագիր՝ 230 միլիարդի: Այս պարագայում նորմատիվներով, որոնք երբևէ չեն աշխատել այդ նորմատիվներիով սակագնի հաշվարկները հիմքում դնելը համարում ենք աննպատակահարմար», - ասաց ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը:

Քննարկմանը ներկա էին նաև հանրային խորհրդի անդամները, որոնց հետ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչը վիճաբանության մեջ մտավ: Նրան դուր չեկավ Վահագն Սահակյանի անվստահությունը հաշվիչների ճշգրտության հետ կապված:

Քննարկման մեկ այլ մասնակից՝ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող Արմեն Պողոսյանը շեշտեց՝ չի կարելի ասել՝ գազը սպառողի համար չի թանկանալու, քանի որ վերջնարդյունքում նույն քաղաքացիներն են վճարելու ջերմոցների և այլ տնտեսվարողների համար թանկացած գազի դիմաց:

XS
SM
MD
LG