Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 459-ով, բուժվածներինը՝ 706-ով, գրանցվել է մահվան ևս 10 դեպք

Բուժաշխատողներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, հունիս, 2020թ.

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 459-ով՝ հասնելով 19 հազար 157-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 706-ով և հասել 8 հազար 266-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1951 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 91 հազար 943-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 319-ի, կորոնավիրուսով վարակված ևս 110 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 462 մարդ: