Արցախում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հայտնաբերվել:
«Նոր կորոնավիրուսային վարակի բռնկման օջախ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում: Շրջանի համայնքներից մեկում 2 նոր դեպք է հաստատվել: Թեստավորման արդյունքում COVID-19-ը հաստատվել է նաև Հադրութի շրջանում՝ նախկինում հաստատված վարակակիրների կոնտակտավորներից մեկի մոտ», - ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:
Գերատեսչությունը փոխանցում է նաև, որ «ծանր վիճակում հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված քրոնիկ հիվանդություններ ունեցող և կորոնավիրուսի ախտորոշմամբ քաղաքացին բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ կազդուրվել և այսօր դուրս է գրվել հիվանդանոցից»:
Այդպիսով, կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն Արցախում հասավ 94-ի, 56 մարդ առողջացել է, 95-ը մեկուսացված են, հիվանդությունից մահվան դեպքեր չեն արձանագրվել: Իրականացվել է ընդհանուր թվով 1520 թեստավորում: