Ծառուկյանի կալանքի հարցով դատական նիստը կշարունակվի վաղը, դատավորը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով քննությունը կշարունակվի վաղը` 10:30-ին: Այս մասին քիչ առաջ դատարանի շենքի մոտ լրագրողներին տեղեկացրեց Ծառուկյանը:

Կրկին անդրադառնալով իր հետ կապվող քրեական գործերին` նա ասաց. - «Լրիվ սուտ է, շինծու գործ է, ասել եմ` սա լրիվ սարքած գործ է, հունիսի 5-ին որ հայտարարել եմ, սարքած գործ է», - հայտարարեց ԲՀԿ նախագահը` հավելելով, որ երկրում ոչ մի խոստում չի կատարվել, և որ «երկիրն անդունդի մեջ է»:

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության ժամանակ նրա փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատավորը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը:

Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել ԱԱԾ-ն հունիսի 16-ի երեկոյան։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալ, կաշառք ստանալ, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտել կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Կալանավորման միջնորդությունը հնարավոր դարձավ միայն խորհրդարանում Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո: