Քաղաքացիները հիմնականում տեղյակ են պարետատան նոր որոշման մասին և հետևում են դրան

Արտակարգ դրության պարետատան որոշմամբ այսօրվանից ոչ միայն պարտադիր է ամենուրեք դիմակներ կրելը, այլև քաղաքացիների մոտ անձը հաստատող փաստաթղթի առկայությունը: Այս պահանջին չհետևելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով։ Ընդ որում՝ եթե անձը չունենա ոչ դիմակ, ոչ էլ անձը հաստատող փաստաթուղթ, ապա կտուգանվի 20 հազար դրամ՝ յուրաքանչյուր խախտման համար առանձին։

Պարետատան երեկվա նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս որոշման մասին հայտնելիս պարզաբանեց, որ շատ դեպքերում, երբ դիմակը կրելու կանոնների խախտման համար տուգանելու հարց է առաջանում ու քաղաքացիների մոտ չի լինում անձը հաստատող փաստաթուղթ, «տուժում է պրոցեսի էֆեկտիվությունը»։

«Ազատությունն» այսօր շրջեց մայրաքաղաքի փողոցներով պարզելու համար՝ հետևում են արդյոք քաղաքացիներն այս նոր պահանջին։ Մեզ հանդիպած մարդկանց մեծամասնությունը տեղյակ էր նոր որոշման մասին ու հետևում էր դրան, որոշներն էլ պարետատան որոշման մասին չգիտեին:

Պարետատան սահմանած կանոնների կատարմանը հետևելու համար Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայություն իրականացնել հանրապետության ողջ տարածքում։ Մինչ այս հակահամաճարակային կանոնների խախտելու փաստերով ավելի քան 35 հազար արձանագրություն է կազմվել։ Ստուգայցեր են իրականացնում տեսչական մարմինները, սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր Էրեբունի վարչական շրջանում էին։

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ Ռոբերտ Թորոսյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ վերջին օրերին խախտումների թիվն ընդհանուր առմամբ պակասել է։

«Որտեղ որ մեր տեսուչները հասցրել են այցելել, 80 տոկոսով կրկնակի այցերի ժամանակ էլ խախտումներ չեն հայտնաբերվում: Հիմնականում գնում է միտումը նրան, որ քչանում են արդեն խախտումները», - ասաց Ռոբերտ Թորոսյանը:

Տեսուչի խոսքով՝ խախտումներ թույլ տված տնտեսվարողները հիմնականում պնդում են, թե տեղյակ չեն եղել պարետի որոշումներից, իսկ իրենք էլ ստուգայցերի ընթացքում մանրամասն բացատրում են դրանք։