«Հակահամաճարակային շարժումը դանդաղ արդյունք է տալիս», - ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ներկայացրելէ աղյուսակ COVID-19 կանխատեսված ու իրական թվերի վերաբերյալ. հունիս 13-ին սպասվում էր, որ կհատենք 20 հազար վարակակիրների շեմը, մինչդեռ այսօր ունենք 18 հազար 33 վարակակիր։
«Չնայած մեծ բացարձակ թվերին, վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը», - գրել է նախարարը:
«Այս թվային փոփոխության արդյունքում 60 մահ պակաս կարձանագրենք, քան կանխատեսվում էր, այսինքն՝ սրանով 60 մարդու կյանք է փրկվել», - վարչապետը Փաշինյանն էր ավելի ուշ դարձյալ ֆեյսբուքյան գրառմամբ շեշտել` հավելելով, որ վարակի դեպքպերը 3500-ով պակաս են կանխատեսվածից՝ վերջին տասը օրում կանոնները պահպանող մարդկանց շնորհիվ:
Կորոնավիրուսի 544 նոր դեպք է գրանցվել վերջին մեկ օրում` ավելի քան երկու հազար թեստավորվածներից: Ընդհանուր առմամբ Հայաստանում արդեն 18 հազար 33 մարդ է COVID-19-ով վարակվել, նրանցից ապաքինվել են 6 հազար 714-ը, մահացել 302 քաղաքացի, որոցից 9-ը` վերջին մեկ օրում: Երեկ մահացածներից ամենաերիտասարդը 42-ամյա տղամարդ է: Եվս 3 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով, բայց նաև հաստատված կորոնավիրուսի է ունեցել:
Առողջապահության նախարարության մամլո խոսնակի Ալինա Նիկողոսյանը վստահեցրեց, որ ծանր վիճակում տանը գտնվող ու հոսպիտալացման սպասող վարակակիրներ այս պահին չկան. – «Այսօր ժամը 9-ի դրությամբ մենք ունեցել ենք տանը հոսպիտալացման կարիք ունեցող 36, իսկ տրիաժ կենտրոններում` 140 քաղաքացի, ովքեր սպասում են իրենց հոսպիտալացմանը: Այսինքն` գործընթացը շարունակվում է, և գուցե արդեն նրանց մեծ մասը հոսպիտալացվել են»:
Այսօր բուժում է ստանում 10 հազար 818 քաղաքացի, նրանց կեսից ավելին բուժվում է տանը: Վարակակիրների ընդունում է 17 բուժկենտրոն, զուգահեռ նոր մահճակալներ են ծավալվում մարզերում: «Արաբկիր» բուժկենտրոնում մեկուսարան է բացվել COVID-19-ի կասկածով փոքրիկների համար. կարող են այստեղ մեկուսանալ մայրիկների հետ, մինչև կստանան թեստի պատասխանը:
Համաճարակաբար, Բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանն առաջարկում է համաճարակային վիճակի կտրուկ փոփոխություն առայժմ չսպասել: Նախ հնարավոր չէ ֆիքսել հստակ օր, որից հետո բոլորը սկսել են դիմակներ կրել. – «Ստեղ նաև ճիշտ կրելու խնդիրը կա: Ուղղակի կրելը չէ... Դա միանգամից իր ազդեցությունը իմ անձնական կարծիքով, չէր ունենա: Սա նոր ներդրվող մշակույթ ա, որը քայլ առ քայլ իր արդյունքը կտա»:
Բադալյանը կարևոր է համարում նաև կոնտակտավորների մեկուսացման ու նրանց շարժը սահմանափակելու հարցը: Առանց սրա, ըստ Արման Բադալյանի, վարակը կառավարել չի լինի։ Ռիսկային է համարում վերջին օրերի հավաքները. – «Հավաքները ինքնին և սոցիալական հեռավորության խախտումը, անգամ դիմակով, համաճարակաբանական տեսանկյունից, բնականաբար, ռիսկայնությունը բարձրացնում է»:
Ի դեպ, ինչպես Արդարադատության նախարար էր պնդել, քրեակատարողական հիմնարկները շարունակում են մնալ ամենաապահովն են COVID-19-ի առումով։ Այսօր էլ Ռուստամ Բադասյանը խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց, որ ընդամենը մեկ դեպք է գրանցվել. – «Մեկուսացված է դատապարտյալների հիվանդանոցում: Իսկ դատապարտյալների հիվանդանոցում հենց միանգամից մեր կողմից երկու մասնաշենք առանձնացվել էր հենց այդ նպատակներով»:
Թե' համաճարակաբան-մասնագետների ու թե' իշխանությունների գնահատականը նույնն է՝ կորոնաիրավիճակը շարունակում է լարված մնալ: Հորդորը նույնպես անփոփոխ է՝ դիմակ կրել, միմյանցից հեռավորություն պահել ու ախտահանել ձեռքերը։