Դաղստանում բախումներ են տեղի ունեցել ադրբեջանցիների և ռուս իրավապահների միջև

Դաղստան- ադրբեջանի քաղաքացիներ են ձերբակալում ոստիկանների հետ բախման համար, 15-ը հունիս, 2020թ.

Դաղստանի հարավում գտնվող Կուլլար գյուղի մերձակայքում տարերայնորեն ձևավորված վրանային ավանում արդեն գրեթե չորս ամիս պատսպարված Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիներն անցած գիշեր սահմանը հատելու և հայրենիք վերադառնալու հերթական, թերևս ամենահուսահատ փորձը ձեռնարկեցին՝ բախվելով ռուսաստանցի իրավապահների կոշտ հակազդեցությանը։

Դեպի պետական սահման շարժվող ադրբեջանցիներին ռուսաստանցի ուժայինները կարողացան կանգնեցնել միայն օդ արձակած ավտոմատային կրակահերթերից հետո։

Ըստ «Թուրան» գործակալության՝ սկզբում սահմանի ճեղքումը փորձել էին կանխել դաղստանցի ոստիկանները։ Դա նրանց սակայն չէր հաջողվել, որից հետո Կուլլար էին բերվել Ռոսգվարդիայի ստորաբաժանումները։ Հենց դրանց մարտիկներն էին, որ հրազենից օդ կրակելով, ինչպես նաև մահակներ ու արցունքաբեր գազ կիրառելով կարողացել էին ցրել ադրբեջանցիների բողոքի ակցիան։

Իրադրությունը ռուս-ադրբեջանական սահմանին կտրուկ կերպով սրվեց երկուշաբթի ուշ երեկոյան, երբ վրանային ավանի շուրջ 600 բնակիչների գրեթե կեսը՝ երթով շարժվեց դեպի սահմանային անցակետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ վրանային ավանի բնակիչների դժգոհության պատճառը իրենց՝ հայրենիք վերադարձնելու հարցում պաշտոնական Բաքվի ցուցաբերած կրավորական կեցվածքն է։

Ադրբեջանական իշխանությունները մտավախություն ունեն, որ սահմանին կուտակված հայրենակիցների շրջանում կարող են կորոնավիրուսով վարակվածներ լինել, ուստի նրանց թույլատրում են հայրենիք մուտք գործել փոքր խմբաքանակներով։

Սահմանին հավաքված մարդկանց մոտ դոզավորված հայրենադարձության այդ գործընթացը, սակայն, բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ամիսներով սահմանին գտնվող որոշ մարդկանց Ադրբեջանի տարածք մուտք գործել չեն թույլատրում, փոխարենը հայրենիք վերադառնալու իրավունք են ստանում վրանային ավանում ընդամենը մի քանի օր անցկացրած քաղաքացիները։ Բողոքի ակցիաների մասնակիցները չեն բացառում, որ իշխանությունների նման գործողությունները կարող են նաև կոռուպցիոն պայմանավորվածությունների հետևանք լինել։

«Որտե՞ղ է ադրբեջանական պետությունը։ Ինչո՞ւ է նա մեզ թողել այստեղ՝ բաց դաշտում», - հռետորական նման հարց է հնչեցրել «Թուրան»-ի զրուցակիցներից մեկը։

Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսի 387 նոր վարակակիր է հայտնաբերվել

Իրադրությունը, սակայն, բարդ է ոչ միայն սահմանի երկայնքով, այլև բուն Ադրբեջանի տարածքում։ Կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեպ պայքարի օպերատիվ շտաբի երկուշաբթի երեկոյան հրապարակած տվյալների համաձայն, երկրի տարածքում մեկ օրում 387 նոր վարակակիր է հայտնաբերվել, չորս մարդ մահացել է։

Ադրբեջանական իշխանությունները արձանագրում են, որ կարանտինային միջոցառումները՝ մասնավորաբար հանգստյան օրերին սահմանված շուրջօրյա պարետային ժամը առայժմ ցանկալի արդյունքի չի հանգեցնում։

«Բաքվի հիվանդանոցներում ազատ մահճակալները սպառվում են։ Շուտով Առողջապահության նախարարությունը ստիպված է լինելու վարակակիրներին ուղարկել Գյանջայում, Եվլախում և Ղազախում գտնվող հիվանդանոցներ, կամ էլ համաճարակի դեմ պայքարում ներգրավել մասնավոր բժշկական կենտրոնները», - «Ազատության» ադրբեջանական ծառայությանն է փոխանցել բաքվեցի բժիշկ Ադիլ Գեյբուլան։

Համաճարակաբանական իրադրությունն Ադրբեջանում բարդանում է նաև այն պատճառով, որ պարետային ժամը շրջանցելու նպատակով Բաքվի հազարավոր բնակիչներ հանգստյան օրերին լքում են մայրաքաղաքը՝ մեկնելով ամառանոցներ կամ շրջաններում բնակվող հարազատների մոտ։

«Մարդկային նման մեծ զանգվածի միաժամանակյա շարժը ևս նպաստում է վարակի տարածմանը», - արձանագրում են ադրբեջանցի համաճարակաբանները։

Ադրբեջանի ոստիկանությունը մարդկային այս հոսքերը կառավարելու ուշացած փորձեր է ձեռնարկում։ Այսօր վաղ առավոտյան Բաքվի մուտքերի մոտ ոստիկանական անցակետեր են տեղադրվել, որոնք տուգանել են բոլոր այն վարորդներին, որոնք մայրաքաղաքի գրանցում ունենալով վերադառնալիս են եղել շրջաններից։ «Պարետային ժամի ընթացքում քաղաքը լքելու համար, այսօր կեսօրի դրությամբ շուրջ 150 վարորդ է տուգանվել», - հաղորդում է ադրբեջանական Real TV հեռուստաընկերությունը։