Վարակակիրների թիվը Հայաստանում անցավ 17 հազարը

Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում 16 հոգի է մահացել, այս թվում երիտասարդ կանայք` 41 և 42 տարեկան: Առողջապահության նախարարության մամլո խոսնակի Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Նա թվարկեց այն հիվանդությունները, որոնց դեպքում COVID-ը հաճախ մահացու է դառնում. – «Սրտի իշեմիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, ճարպակալում, զարկերակային հիպերտենզիա»:

Եվս երեք մարդ մահացել է COVID ախտորոշմամբ, բայց այլ հիվանդությունից:

Նոր վարակակիրների օրվա թիվը երեկվա համեմատ բարելավված է՝ 397 նոր դեպք: Թեստավորվել են 1276 հոգի, այսինքն` թեստավորվածների 31 տոկոսն է վարակակիր։

Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ, թեստերի օրական միջինն է իրականացվել. – «Թեստավորումների քանակը փոքր չի, մենք միշտ էլ նշել ենք, որ թեստավորումը ընդհանրապես մեզ համար ինքնանպատակ չէ, այլ խոցելի խմբերում բացահայտելն է, թե ինչքան հիվանդ ունենք: Եվ սա միջին թիվ է համարվում»:

Այսօր վարակակիրների թիվը Հայաստանում անցավ 17 հազարը, ապաքինվածները 6200-ից մի փոքր ավելի են։ Այս պահին բուժման մեջ է 10 հազար 409 պացիենտ, նրանցից 7 հազարը տանն են։

Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ այսօր վաղ առավոտյան տներում ու COVID-19-ի տրիաժ, այսինքն` ախտորոշման և ուղղորդման կենտրոններում հոսպիտալացման է սպասում 222 հիվանդ: Նրանց տեղափոխումը հիվանդանոցներ սկսվել է:

«Բոլոր հիվանդանոցները, այդ թվում մերը, ծանրաբեռնված են», - ասում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի մամլո պատասխանատու Ծովինար Խաչատրյանը. - «Պարբերաբար ունենում ենք դուրսգրումներ և այդ դուրսգրումների հաշվին ստացվում է այնպես, որ նոր պացիենտներ կարողանանք ներգրավել»:

«Կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Եկել է ժամանակը խոստավանելու, որ մինչև այս պահը չենք կարողացել համոզել կամ պարտադրել քաղաքացիներին դիմակ կրել», - պարետատան նիստից հետո վարչապետ Փաշինյանը դառնացած էր: - «Մարդիկ իրենք իրենց մահվան են դատապարտում: Մինչև մենք էս պայմանները չպահենք, չի հաղթահարվելու այս համաճարակը: Կամ հաղթահարվելու է հետևյալ կերպ, կներեք, որ էսպիսի կոպիտ բան եմ ասում` բոլորը, ովքեր պիտի մահանային, կմահանան, և դրանից հետո միայն թվերը կիջնեն: Սա նշանակում է, որ մենք էսօր մեր վարքագծով մեր հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիների ուղղակի դատապարտում ենք մահվան»:

COVID-19-ի դեմ պայքարում դիմակների արդյունավետությունն ապացուցող նոր գիտական հետազոտությունների մասին «Ազատությունն» ընդարձակ հրապարակում է պատրաստել, և դրանց անդրադարձավ նաև վարչապետ Փաշինյանը. – «Դիմակները խիստ անհրաժեշտ են նաև առողջ մարդկանց: Դրանք հնարավորություն են տալիս չշնչել վարակվածների արտաշնչած մթնոլորտային մասնիկները, որոնք օդում կարող են մնալ տասնյակ րոպեներ: Սա հաջորդ սենսացիոն արձանագրումն ա, եթե ես չեմ սխալվում: Սա կարելի ա սենսացիա համարել: Էկեք հասկանանք ինչ ա սա նշանակում` տասնյակ րոպեներ մնալ: Սա նշանակում ա, որ եթե այս տարածքով վարակված քաղաքացին անցավ, էդ ընթացքում կամ հազաց, կամ փռշտաց, կամ նույնիսկ շնչեց, հևալով շնչեց և ինքը գնաց: Սա նշանակում ա, որ հաջորդ տասը րոպեներին էստեղով անցնող մարդիկ վարակվելու բավականին մեծ հավանականություն ունեն»:

Առողջապահության նախարարը շեշտեց, որ կորոնավիրուսի մահվան տարիքային շեմն իջել է, երիտասարդներ են մահանում: Ընդ որում, հաճախ քաղաքացիները միայն հիվանդանոց ընկնելուց հետո են պարզում, որ ճնշում կամ շաքարային դիաբետ ունեն. – « Եվ էդ երկու հիմնական ռիսկի գործոնները մեր գրեթե բոլոր մահացած քաղաքացիների մոտ կան` շաքարային դիաբետ և զարկերակային գերճնշում: Եվ նաև դրա պատճառով է, որ անհրաժեշտ է կրել դիմակներ միշտ ամենուր»:

Ճեպազրույցի օրվա թեման դիմակ կրելու հորդորն է, այն պետք է հանել միայն սնվելիս: Քիթ-բերանը չփակողների հանդեպ հսկողությունը խստացվելու է:

Իսկ դիմակ չկրողներն ամենուր են: Վարչապետն ինքն է շարունակում լուսանկարներ տարածել: