Վարչապետի խոսնակ. Տեղի ունեցող իրադարձություններն իրավական դաշտում են

Տեղի ունեցող իրադարձություններն իրավական դաշտում են, «Ազատության» հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը` ի պատասխան հարցադրման, թե ինչ գնահատական է տալիս վարչապետը ԲՀԿ ղեկավարի շուրջ գործընթացներին: Մանե Գևորգյանը նշեց, որ այլ մեկնաբանություններ չունեն, հորդորում են հետևել իրավապահների հաղորդագրություններին։

Ինչ վերաբերում է դրսում` Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց կատարվածին, ապա ըստ Մանե Գևորգյանի՝ անհասկանալի է, երբ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության պատգամավորները արտակարգ դրության պայմաններում, երբ արգելված են հավաքներն ու մարդկային կուտակումները, գնում են նման քայլերի՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը, այնինչ, հենց իրենք նման պայմաններում պետք է լինեին օրինակ մյուս քաղաքացիների համար։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը տան դիմաց հավաքվածներին հայտարարեց, թե իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է կատարվում, և որ «ամեն ինչ սարքած է»` հավելելով, որ ինքը գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմած, որտեղ Ծառուկյանը հարցաքննվում է, հավաքվել են ԲՀԿ-ական պատգամավորները և Ծառուկյանի աջակիցները: ԲՀԿ-ականները նշում են, որ թույլ չեն տալու իրենց լռեցնել: Նրանք նաև շեշտում էին, որ Ծառուկյանի աջակիցներն ինքնակամ են այստեղ եկել: Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար 100-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել:

ԱԱԾ-ի այսօր տարածած հաղորդագրութան համաձայն` Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս: Մյուս հաղորդագրությամբ, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել են ԲՀԿ անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: