Ադրբեջանցի Ալիևը հանձնվել է Հայաստանի իշխանություններին. Արեգունիի գյուղապետ

Հայաստան-Ադրբեջան սահմանն առավոտյան հատել է ու Հայաստանի իշխանություններին է հանձնվել 26-ամյա Էլշան Ռասուլ օղլի Ալիևը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանը։

Գյուղը գտնվում է Սևանա լճի արևելյան ափին՝ Շորժա-Վարդենիս ճանապարհի միջնամասում, Ադրբեջանի հետ սահմանից մոտ 4-5 կիլոմետր հեռավորության վրա։

«Ես առավոտյան նստած էի իմ գրասենյակում, ինձ բերեցին, ներկայացրեցին: Հայկազ է անունը, մեզ մոտ ճամբար կա, ճամբարի պահակն է գիշերային, նա է առաջինը տեսել, խուզարկել, տեսել` զենք չկա մոտը, և ուղեկցել իմ մոտ: Դա եղել է մոտավորապես առավոտյան ժամը 10:40-10:45 րոպեին: Ես իր հետ խոսեցի, ներկայացավ ինքը Էլշան Ռասուլ օղլի Ալիև` ծնված 1994 թվականին, ինքը հայ-ադրբեջանական սահմանը հատել է Գետաբեկի շրջանի Նովոսարատովկա, ինքն էտտեղ է բնակվելիս եղել, հովիվ է եղել, ոչխարները որ բերել են ամառային յայլաների, դա մեր Սևանա լեռնանցքին շատ... Ասում է` ես անցա, եկա: Ասում եմ` բա որ հանկարծ մեր տղաները կամ ձեր տղաները նկատեին ու քեզ կրակեին, սպանեին: Ասում է. «Ուրեմն դա կլիներ իմ ճակատագիրը, ուրեմն իմ ճակատագիրն էն ա, որ ես կենդանի եկել եմ և ուզում եմ անցնել երրորդ պետություն, եթե ինձ ստեղ աշխատանքով ապահովեք, ես մեծ սիրով կմնամ ձեզ հետ, հայերի հետ»»,- պատմեց Սոս Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե իրենց գյուղից Ներսիկ Պետրոսյանն էլ է՞ մասնակցել այս զրույցին, Հովհաննիսյանը պատասխանեց.- «Ներսիկ Պետրոսյանին ես եմ կանչել, ինքը որպես թարգմանիչ, ինքն ինձնից ավելի լավ է տիրապետում ադրբեջաներենին, նրա միջոցով մենք զրուցեցինք, ու ես անմիջապես տեղյակ պահեցի Ազգային անվտանգության ծառայությանը, մարդիկ եկան, հարցաքննեցին ու հետները տարան»:

Երեկոյան հաղորդագրությամբ հանդես եկավ Ազգային անվտանգության ծառայությունը. «Այսօր առավոտյան՝ ժամը 10-ի սահմաններում, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ, վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ, ներկայում ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Ազատության» հարցին, թե Սոս Հովհաննիսյանը չի՞ հարցրել` ինչու է որոշել Հայաստան գալ, գյուղի ղեկավարն ասաց.- «Իր պատմելով, ասում է. «Դե ես քարտեզն ուսումնասիրեցի, տեսա, որ ամենամոտիկը և հարմարը Հայաստանն է, որոշեցի, որ Հայաստանով գամ, անցնեմ երրորդ պետություն»: Ինքն իրենը պատմելով` ծնվել է Ռուսաստանի Կալմիկիայում, մայրը` ուկրաինուհի, հայրը` ադրբեջանցի, ծնողները բաժանվել են, և մայրը, իրեն և եղբորը թողնելով հոր խնամքի տակ, հայրն էլ ստիպված է եղել իրենց հանձնել Գյանջայի մանկատուն, մինչև 16 տարեկանը մնացել է Գյանջայի մանկատանը: Ասում է. «Մանկատանը ես հաճախ էի փախչում, իսկ ոստիկանները բռնում, նորից վերադարձնում էին, 16 տարիս լրացավ, հիմնովին փախա, այստեղ-այնտեղ աշխատելով, օրավարձով մի օրվա հացի համար, ու վերջում ես (սահմանը հատած ադրբեջանցին),- ասում է, հասա Գետաբեկի շրջան Նովոսարատովկա գյուղ, հոպարիս անունով մի ֆերմերի մոտ ոչխարներ էի պահում, չէր վարձատրում, կենցաղային պայմանները` շատ ահավոր, զզված փախել եմ, որ իմ կյանքը փրկեմ»,- այդպես ինքը ներկայացավ: Իրեն տեսնելով` չես պատկերացնի, որ ինքն ադրբեջանցի է, շեկ, կոլոտ, նիհար մի հատ լավ տղա էր ու կիսամաշ հագուստներով, բոթազներով, մի հատ էլ ալյուրի փոքր մեշոկներով ուսապարկ սարքած, 2 հատ էլ իրենց շորերից` հին-մին շորեր»:

Երեք ամիս առաջ ևս մի ադրբեջանցի էր անցել սահմանը. գյուղապետ

Ի դեպ, ըստ Հովհաննիսյանի` մոտ երեք ամիս առաջ ևս մի ադրբեջանցի էր անցել սահմանը և հանձնվել Հայաստանի իշխանություններին։ Այս տեղեկության վերաբերյալ «Ազատությունը» պաշտոնական հավաստում դեռ չունի:

«Սրանից մի քանի ամիս առաջ` մոտ երեք ամիս առաջ, հարևան գյուղ եկել էր մեկը, բռնել էին, ու դրա մասին էլ ոչ մի լուր, ոչ մի բան չիմացա տենց էլ, Փամբակ կամ Ծափաթաղ (գյուղ) կարծեմ: Ադրբեջանցի էր»,- նշեց Հովհաննիսյանը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս դեպքի առնչությամբ կապի մեջ են իշխանությունների հետ: