Անցած ամիս Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսի հետևանքով մեկուկես անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան պաշտոնապես հաղորդվել էր։ Մոսկվայի քաղաքային իշխանությունները հայտնում են, որ մայիսին կորոնավիրուսից մահացել է 2 հազար 757 մարդ, իսկ դաշնային օպերատիվ շտաբը հաղորդել էր 1895 մահվան դեպքի մասին։
Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի պարզաբանումներով՝ կորոնավիրուսի թեստերը 433 մարդկանց մոտ բացասական են եղել, բայց դիահերձումը ցույց է տվել վիրուսի առկայություն, և այս դեպքերը գումարվել են ընդհանուր վիճակագրությանը։ Եվս 2 հազար 503 մարդ կորոնավիրուսով վարակված են եղել, բայց մահացել են այլ հիվանդությունների հետևանքով։
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացության վիճակագրությունը դժվար է հասկանալ, նախօրեին կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ ծրագրերի տնօրեն Մայքլ Ռայանը։ Նրա խոսքով, հաշվի առնելով Ռուսաստանում վարակված մարդկանց քանակը, COVID-19-ի հաստատված դեպքերը՝ մահացության ցածր մակարդակն անսովոր է։ Ռայանը նշել է, որ եվրոպական տարածաշրջանում, որտեղ բարձր մահացություն է նկատվում, առողջապահական համակարգը նման է ռուսաստանյանին: Կարևոր է, որ Ռուսաստանի իշխանությունները մանրամասն վերլուծեն մահվան պատճառները որոշելու մոտեցումները, որպեսզի համոզված լինեն, որ այդտեղ որևէ սխալներ չկան, ասել է ԱՀԿ արտակարգ ծրագրերի տնօրենը։
Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 493 հազար դեպք. ԱՄՆ-ից ու Բրազիլիայից հետո սա երրորդ ցուցանիշն է: Բայց մահացությունը Ռուսաստանում համեմատաբար բավականին քիչ է՝ 6 հազար 350 մարդ է մահացել, ինչը աշխարհի երկրների շարքում 13-րդ ցուցանիշն է:
Ավելի վաղ արևմտյան մամուլը կասկածներ էր հայտնել, որ Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը նվազեցվում է, սակայն պաշտոնական Մոսկվան այդ լուրերն «անհիմն շահարկում» էր գնահատել։