Մարզպետները վստահեցնում են, որ մարզային հիվանդանոցներում կա ներուժ` Covid-19-ի դեմ պայքարելու

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Ազգային ժողովում, 10 հունիսի, 2020թ.

Մինչ վարչապետը շաբաթվա սկզբին հայտարարեց, որ հարյուրավոր վարակակիրներ սպասում են հոսպիտալացման իրենց հերթին, և կա մահվան մեկ դեպք, որը գրանցվել է բժշկական օգնության ուշացման պաճառով, Հայաստանի տարբեր մարզերի ղեկավարներ պնդում են, որ մարզային հիվանդանոցներում կա ներուժ, որը կարող է օգտագործվել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Այս թեմայով վերջին օրերին նրանք քննարկումներ են անցկացնում Առողջապահության նախարարության հետ: Արմավիրի մարզում, օրինակ, կորոնավիրուսի համար առանձնացված հիվանդանոց չկա, բայց մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ասում է՝ անհրաժեշտության դեպքում հնարավոր է վերաբացել Մեծամորի ինֆեկցիոն կենտրոնը.- «Հիմնական 3 հիվանդանոցները, որի մասին խոսք է գնում, և մենք հնարավորություն կունենանք առանձնացված սենյակներ ունենալ հիվանդների համար, Մեծամորի բժշկական կենտրոնը, Վաղարշապատի և իհարկե Արմավիրի բժշկական կենտրոնը: Եթե Մեծամորի ինֆեկցիոն կենտրոնն առանձնացվի, կունենանք 30-45 (ռեանիմացիոն տեղ)»:

Տավուշի մարզում երեկվանից «Իռվինգ» բժշկական կենտրոնը սկսել է զբաղվել կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ: Հիվանդանոցն ունի 55 մահճակալ, որից 5-ը` վերակենդանացման բաժնում: Մարզպետ Հայկ Չոբանյանը վստահ է, որ հիվանդանոցը ոչնչով չի զիջի երևանյան բուժհաստատություններին.- «Իռլինգը» նույն ցանցում է, որտեղ «Նաիրի» բժշկական կենտրոնն է և «Էրեբունի» բժշկական կենտրոնը: Նմանատիպ ծառայություններ մատուցելու ժամանակ ամենակարևոր հանգամանքը մասնագետների առկայությունն է, և այդ ցանցի մեջ լինելը կապահովի, որպեսզի անհրաժեշտ մասնագետները ապահովվեն Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից»:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը փոխանցում է՝ այս պահին Մարտունու հիվանդանոցում շինարարական աշխատանքներ են իրականացվում, որպեսզի շենքի մեկ հարկը ծառայի կորոնավիրուսով վարակվածների բուժմանը։ Թթվածնային սարքերի մոնտաժման աշխատանքից հետո հիվանդանոցը նախատեսում է ընդունել 40-45 հիվանդների.- «Մարտունու հիվանդանոցի շենքը բավական մեծ շենք է, և այդ հատվածն ունի առանձին մուտք և իր առանձին հարկով է կազմակերպվում: Բոլոր մասնագետները նայել են, մասնաշենքի այլ հատվածների հետ առանձնապես առնչություն չի ունենալու, այդ հատվածները փակ են: Մենք մարզի ներուժով ենք փորձելու դա անել, առաջին հերթին իհարկե Մարտունու հիվանդանոցի բուժանձնակազմով, և միգուցե կարիք լինի նաև մարզի այլ բուժհիմնարկներից բժիշկների հրավիրել»:

Շիրակի մարզի ինֆեկցիոն հիվանդանոցն առաջին մարզային բժշկական հաստատությունն էր, որ միացավ կորոնավիրուսի դեմ պայքարին: Այսօր հիվանդանոցը սպասարկում է նաև հանրապետության այլ տարածքների բնակիչների։ Մարզպետն առաջարկում է վերաբացել նաև Գյումրիի այժմ չգործող «Սամարիթեր» հիվանդանոցը: Առաջարկը ներկայացրել են նախարարին.- «Մենք քննարկում ունեցել ենք նախարարի հետ այս հարցով, ինքն այցելել էր Գյումրի, դիտարկել են իրենք մի քանի միջավայրեր, իմ կողմից առաջարկվել է Գյումրիում գտնվող, չգործող հիվանդանոցային շենքերից մեկը, որը համեմատաբար փոքր ներդրումների պարագայում պատրաստ կլինի մոտ մեկ ամսվա մեջ սպասարկելու մինչև 100 կորոնավիրուսային հիվանդների: Մենք նաև մեր կողմից ասում ենք, որ մարզում առկա առողջապահական ռեսուրսներով կփորձենք նաև այնտեղ մարդկային ռեսուրսների հարցն ամբողջությամբ լուծել»:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասում է՝ ակտիվ քննարկումների մեջ են մարզային կառույցների հետ։ Ավելի վաղ էլ նախարարությունը դիմել էր այն բժշկական կենտրոններին, որոնք ցանկություն ունեն ներգրավվել կորոնավիրուսի բուժման գործընթացում, ու խնդրել են հայտերն ուղարկել նախարարություն։ Կարևոր պայման է, սակայն, սեփական բուժանձնակազմի առկայությունը: Ստացել են 2 հայտ Շիրակի և Կոտայքի մարզերից․- «Միաժամանակ նաև անհրաժեշտ է, որպեսզի բժշկական անձնակազմի առկայություն լինի ու նաև սարքավորումներով հագեցած լինի, որովհետև մենք լրացուցիչ բժշկական անձնակազմ չենք կարող այս պահին գործուղել»:

Հարցին, թե ուշացած չէ՞ այս գործընթացը, նա պատասխանեց.- «Ոչ, որովհետև հիվանդության ի հայտ գալուց հետո արդեն իսկ սկսվել են պայմանավորվածություններ տարբեր բժշկական կենտրոնների` թե մասնավոր, թե մարզային, թվով 4 մարզային հիվանդանոցներ են եղել, որոնք սպասարկել են մարզերում: Գործընթացն ինքն անընդհատ ընթացիկ է եղել, բայց ուրիշ բան է, որ հիվանդների թիվն է շատ մեծանում, և անհրաժեշտություն է լինում այդ պահին լրացուցիչ ուժեր ներգրավել, ինչ որ մենք անում ենք»:

Նկատենք` մարզպետների փոխանցած տվյալներն էլ են ցույց տալիս, որ Երևանը շարունակում է մնալ Հայաստանում կորոնավիրուսի ամենամեծ օջախը: Իսկ ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահվան դեպքեր կան Երևանին սահմանակից մարզերում ՝ Կոտայք, Արմավիր, ապա Արարատ: Ամենալավ ցուցանիշները Սյունիքի մարզում են` 123 հաստատված դեպք, որից 63-ը` բուժված: Սյունիքը նաև միակ մարզն է, որտեղ մահվան դեպքեր չեն գրանցվել։