Ապրիլից ի վեր Մոսկվայից շուրջ 2000 հայաստանցի է վերադարձել հայրենիք, սակայն ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է

Այսօր Դոմոդեդովո օդանավակայանից Մոսկվայի ժամանակով երեկոյան վեցին նախատեսված է «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա - Երևան հատուկ չարտերային թռիչքը։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն, հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ:

«Ապրիլից սկսած հատուկ չվերթներով Հայաստան են վերադարձել շուրջ երկու հազար քաղաքացիներ, սակայն ցանկացողների ցուցակը բավականին մեծ է», - «Ազատությանը» ասաց դեսպանության մամլո խոսնակ Էդուարդ Ջամբազյանը. – «Կարանտինի հայտարարման ժամանակից մինչև հիմա կազմակերպվել է տասից ավելի թռիչք Մոսկվայից, և մեր հյուպատոսությունների կողմից նույնպես` Դոնի Ռոստովի գլխավոր հյուպատոսությունից են թռիչքներ կազմակերպվել, Սանկտ Պետերբուրգից, Վորոնեժից»:

«Հունիսի 1-ի դրությամբ, ցանկացողների թիվը կազմում է մոտավորապես 16 հազար», - տեղեկացրեց Ջամբազյանը` անդրադառնալով նաև հարցին, թե ինչու են հայաստանցիները ցանկանում վերադառնալ հայրենիք այն դեպքում, որ Ռուսաստանում վերաբացվում են բիզնեսները. – «Դժգոհություններից ելնելով: Որովհետև խնդիրը շարունակական բնույթ է կրում, և շատերը այս ընթացքում չեն կարողացել վճարել իրենց բնակվարձը: Հիմնականում դիմում են ծանր իրավիճակում հայտնվելու պատճառով, որովհետև փաստորեն մինչև հիմա պարտքով են կարողացել բնակվարձ մուծել, իսկ հիմա... Բացի դրանից Հայաստանում ունեն ազգականներ, ընտանեկան տարբեր խնդիրներ են առաջ բերվում, ամառային սեզոն է, որոշ աշխատանքներ սեզոնային բնույթ են կրում: Դա էլ իր դերը ունի` այդ թվում նաև փաստաթղթերի հետ կապված: Անձնագրերի հետ կապված խնդիրներ կան` վավերականություն երկարացնելու և այլն»:

Ռուսատսանցի հայտնի բլոգեր Ռոման Բաղդասարյանը, ով հունիսի 4-ին հատուկ չվերթվ Մոսկվայից Հայաստան է ժամանել, ասում է, որ համաճարակի այս շրջանում հայերը հայրենիք են ուզում վերադառնալ, որովհետև ուզում են իրենց ապահով զգալ. – «Քանի որ հասկացան, որ ուրիշ երկրում իրենց ոչ մեկ տեր չի կանգնի, հասկացան, որ թեկուզ կարող ա իրանց համար վատ լինի Հայաստանում ֆինանսի կողմից, բայցէլի Հայաստանում մենք տեսանք այս տարի ինչքան կազմակերպված էր ամեն ինչ»։

Վերջին երկու ամիսներին համացանցում շատ է խոսվել Մոսկվայից Երևան հատուկ չվերթների շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Հայաստանցիների մի մասը, որ չէին կարողանում վերադառնալ Երևան, բողոքում էին բոլորից՝ դեսպանությունից, Հայաստանի կառավարությունից, հայ բարերարներից իրենց վատ իրավիճակում չօգնելու համար: Իրականում սակայն դեսպանությունը և համայնքային կազմակերպությունները լուրջ աշխատանք են անցկացրել հազարավոր հայերին օգնելու համար. մի մասին տրամադրվել է ժամանակավոր կացության վայր, մի զգալի մասի համար բարերարները Մոկսվա - Երևան չվերթի տոմսեր են գնել, մի մասին էլ օգնել են Ռուսատսանում աշխատանք գտնել:

«Մեծ դերակատարություն են ունեցել համայնքային կառույցները, որի համար շատ մեծ շնորհակալություն: Անհատներ են եղել, բարերարներ են եղել, ովքեր նաև չեն ցանկանում, որ իրենց անունները հրապարակվեն, սովորական քաղաքացիներ են մեզ դիմել: Տարբեր բնույթի հարցեր են լուծվել», - փոխանցեց Էդուարդ Ջամբազյանը:

Համաճարակը մեծ հարված է հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, ու թեև Ռուսաստանում, նաև Մոկսվայում արդեն բավականին մեղմացվել են կարանտինի կանոնները և ձեռնարկությունների մեծ մասին թույլ է տրվել վերաբացվել, դեռ երկար ժամանակ կպահանջվի , որ տնտեսությունը վերականգնվի։ Տարբեր վերլուծություններ և հարցումները վկայում են, որ զգալիորեն կնվազի թե' ռուսաստանյան տնետեսությունում ներգրավված աշխատավոր միգրանտների, թե' Ռուսաստանից ԱՊՀ երկրներ, այդ թվում Հայաստան ուղարկվող դրամական տրասֆերտների ծավալը: