Բրազիլիայում կիրակի օրը տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ ընդդեմ և ի աջակցություն երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի:
Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել «Ընդդեմ ռասիզմի և ֆաշիզմի», «Կառավարության ոչնչացնող քաղաքականությունը ահաբեկչություն է» գրությամբ պաստառներով:
Նախագահ Բոլսոնարուի աջակիցները, իրենց հերթին, պահանջում են չեղարկել հակահամաճարակային սահմանափակումները, որոնց անձամբ դեմ է նաև երկրի առաջնորդը, ով անցած շաբաթներին բազմիցս մասնակցել է այդ պահանջով ակցիաներին:
Բրազիլիայի ղեկավարը մինչ օրս հրաժարվում է ընդունել կորոնավիրուսի համաճարակի վտանգը՝ պնդելով, որ «սովորական հարբուխի» նման այդ վարակի պատճառով չարժե վտանգել տնտեսությունը: Այս հայտարարությունների ֆոնին մի քանի շաբաթվա ընթացքում Բրազիլիան դարձավ կորոնավիրուսով վարակվածների թվով՝ 685 հազար 427, աշխարհում երկրորդ երկիրը և երրորդը զոհերի թվով՝ մինչ օրս հարավամերիկյան այդ երկրում համաճարակը խլել է 37 հազար 312 մարդու կյանք: