Իվետա Տոնոյանը տարօրինակ է որակում վարչապետի խոսնակի` Գագիկ Ծառուկյանին ուղղված հայտարարությունը

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանն «Ազատության» հետ զրույցում տարօրինակ է որակում վարչապետի խոսնակի երեկվա հայտարարությունն այն մասին, թե Գագիկ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային։

«Ինձ համար ցավալի էր, որ բովանդակային քաղաքական առողջ քննադատությանը վարչապետի մամուլի խոսնակը արձագանքեց բացառապես քաղաքական ցինիզմի ու շանտաժի ակնհայտ տարրեր պարունակող հայտարարությամբ: Ինչ վերաբերում է հայտարարության մեջ մնացած մասերին, ապա ցավալիորեն պետք է վարչապետի մամուլի խոսնակին տեղեկացնեմ, որ նույն ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ ակնարկներին ի պատասխան նշեմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկել այդ օրենսդրական նախաձեռնությանն, այնպես որ բացարձակապես պետք չէ որոշակի ակնարկներով կամ մտահոգություններով համեմված գրառումներով հանդես գալ», - նշեց Տոնոյանը:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը երեկ երեկոյան հակադարձել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին, թե կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտները և պետք է փոխվի:

Գևորգյանը ֆեյսբուքում գրել էր. «Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև՝ ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»։

Այսօր արդեն Մանե Գևորգյանն «Ազատությանը» փոխանցեց՝ իր գրառման մեջ հստակ նշել է այն հնարավոր պատճառը, որով պայմանավորված Գագիկ Ծառուկյանը կառավարության հրաժարականի անհրաժեշտություն է տեսնում:

«Դա վերաբերում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց ներգրավմանը տարբեր քրգործերում: Օրինակ՝ Ծառուկյանի բիզնեսների կառավարիչ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու մեջ: Ծառուկյանի հորդորով երեկվանից հայտարարություն տարածող անձանց նույնիսկ հիշատակման արժանացնելն այս թեմայով մեծ ճոխություն եմ համարում: Հանրության հիշողության մեջ թարմ է 2015-ի փետրվար-մարտ ամիսներն ու այդ շրջանում Ծառուկյանի թիմակիցների պահվածքը», - փոխանցում է վարչապետի խոսնակը։

2015-ի փետրվարի 5-ի իր հայտնի ելույթում Գագիկ Ծառուկյանը խոսել էր արտահերթ ընտրությունների մասին, հայտարարել հանրահավաքային պայքարը սկսելու մասին, քննադատել այդ ժամանակվա իշխանությանը։ Սրան հետևել էր այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը, երբ նա Ծառուկյանին անվանել էր կեղծ քաղաքական երևույթ։ Այս ամենից հետո Գագիկ Ծառուկյանը երկու տարով հեռացել էր քաղաքականությունից։

Ի պատասխան վարչապետ Փաշինյանի խոսնակի, Իվետա Տոնոյանը հակադարձում է՝ մտահոգությանն առիթ ունի ոչ թե Ծառուկյանը, այլ՝ իշխանության ներկայացուցիչները:

«Կարծում եմ, որ իշխանական թևի բազմաթիվ այլ ներկայացուցիչների վարչապետի մամուլի խոսնակի մտահոգությունները ավելի պետք կգան», - ընդգծեց Տոնոյանը:

ԲՀԿ խոսնակն ասաց՝ որևէ տեղեկություն չունի՝ Ծառուկյանն անցնում է քրեական գործերով, թե չէ։ «Նման որևէ տեղեկատվություն չունեմ, կարծում եմ, որ ակնարկը վերաբերում էր բացառապես «Մուլտի գրուպ» կոնցեռնի հետ կապված քրեական գործին», - ընդգծեց Իվետա Տոնոյանը:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ Գագիկ Ծառուկյանին վերաբերող որևէ գործ իրենց մոտ չի քննվում։ Կոմիտեն քննում է գործեր, որոնցով մեղադրյալ է ներգրավված Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը։ Առուստամյանը, ընդ որում, երեք տարբեր քրեական գործերով է անցնում։ Երկուսը քննում է քննչական կոմիտեն, մեկը՝ ԱԱԾ-ն։ Երեքով էլ մեղադրանքը չի ընդունում։

Գագիկ Ծառուկյանի մտերիմը ապրիլի 25-ից կալանքի տակ է ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։ Առուստամյանը այդ գործով մեղադրվում է կաշառք տալու և փողերի լվացման համար: ԱԱԾ-ն դեռևս չի հայտարարում՝ արդյոք այս քրեական գործով անցնում է նաև Գագիկ Ծառուկյանը, թե ոչ։

Այս քրեական գործը առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների մեղադրանքին։ Ըստ քրեական գործի, Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին նրա որդիների միջոցով 22 միլիոն 401 հազար դոլարի կաշառք է տվել։ Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեում քննվող երկու գործերին, ապա դրանցից մեկը Երևանի կենտրոնում «Մուլտի գրուպ»-ի ձեռնարկած շինարարությունն է Աբովյան փողոցի վրա։ Այստեղ «Մուլտի գրուպը» 2018-ին սկսել էր հյուրանոց կառուցել։ Եվ երբ այդ տարածքում բիզնես ծավալող ընկերության ներկայացուցիչը բողոքել էր դատարան, ընկերությունը շինարարությունը չէր դադարեցրել։ Առուստամյանը այս գործով մեղադրվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու համար։

Մյուս՝ երրորդ քրեական գործն առնչվում է «Հյուսիս-հարավի» շինարարական ծրագրին։ Գագիկ Ծառուկյանի հիմնադրած ընկերության ղեկավարը այս գործով մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև փողերի լվացման համար։

Ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին: