Առաջիկա շաբաթ-կիրակի Ադրբեջանը փակվում է

Բաքու, Ադրբեջան, մարդիկ իրենց ժամանցն են անցկացնում սրճարաններում կարանտինի թուլացումից հետո, 18-ը մայիսի, 2020թ.

Ադրբեջանի հինգ խոշոր քաղաքներում, ներառյալ` Բաքվում պետական հաստատություններն այսօր կես օր են աշխատում։ Կառավարության օպերատիվ շտաբի որոշմամբ աշխատանքն ավարտվել է ցերեկվա ժամը երկուսին։

Աշխատողներին շուտ տուն ուղարկելը նպատակ ունի մարդկանց նախապատրաստել առաջիկա օրերի կարանտինային խիստ ռեժիմին։ Խիստ սահմանափակումների պատճառը վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի աճն է, ինչը հետևեց կարանտինային ռեժիմի թուլացմանը։

Այսօրվա կեսգիշերից մինչև երկուշաբթի առավոտյան ժամը 6-ը մարդկանց արգելվում է դուրս գալ տնից։ Շաբաթ-կիրակի օրերին նրանք պարտավոր են մնալ տանը։ Խիստ ռեժիմը տարածվում է Բաքվի, Սումգայիթի, Գյանջայի, Լենքորանի ու Ապշերոնի շրջանի վրա։ Մարդկանց տանը պահելուց բացի, արգելվում են նաև ծառայությունների մատուցումը, առևտուրը, փակվելու են խանութները։ Բացառություն են կազմելու միայն կենսական նշանակության ոլորտները, մասնավորապես աշխատելու է առողջապահական համակարգը, էլեկտրաէներգայի մատակարումը, չեն դադարելու հեռուստահեռարձակումները, բեռնափոխադրումները, նավթի ու գազի արդյունահանումն ու մատակարարումը։ Այս ոլորտներում աշխատողները կարող են մեկնել աշխատանքի, մնացածներին արգելվում է տնից դուրս գալ, իհարկե կարող են բացառիկ դեպքեր լինել, ասենք մասնակցել մոտիկ հարազատի հուղարկավորությանը, բայց նման դեպքերում պետք է զանգահարել Ներքին գործերի նախարարություն և թույլտվություն ստանալ։

Արգելվելու է նաև մեքենանների երթևեկությունը։ Շտապ օգնության, վթարային և այլ հատուկ ծառայությունների մեքենաներից բացի, բոլոր մյուս ավտոմեքենաների, տրանսպորտի երթևեկությունը գալիք հանգստյան օրերին դադարեցվելու է։ Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական ու քրեական պատասխանատվության։ Վերահսկողությունը դրված է Ներքին գործերի նախարարության վրա։

Ավտոճանապարհային ոստիկանության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Քյամրան Ալիևն այսօր զգուշացրել է, որ խիստ վերահսկողություն են սահմանելու և խախտողներին խիստ պատիժների են ենթարկելու։ Անձնական օգտագործման մեքենաների վարորդները կտուգանվեն 100-200 մանաթով, ծառայողական մեքենաների վարորդները` 1500-2000 մանաթով, իրավաբանական կազմակերպությունների մեքենաների վարորդների տուգանքները կհասնեն 2000-5000 մանաթի։ Քյամրան Ալիևը զգուշացրել է, որ իրավախախտները հնարավոր է մեկ ամսով կալանավորվեն։

Հանգստյան օրերին ամառանոցներ մեկնած քաղաքացիներին ևս արգելվում է դուրս գալ ամառանոցներից, լողանալ ծովում: Լողափերը փակվելու են, այս մասին զգուշացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ակնկալվում է, որ նման խիստ սահմանափակումներ Ադրբեջանում կկիրառվեն նաև հունիսի մյուս հանգստյան օրերին։

Ադրբեջանում վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերն ավելացել են։ Մարտին օրական մոտավորապես 100 դեպք էր գրանցվում, ապրիլին՝ 200, իսկ հունիսի առաջին օրերին օրական դեպքերը հասել են 300-ի։

Ադրբեջանում կորոնավիրուսի բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ հաստատվել է 6,5 հազարից ավելի դեպք, մահացել է 78 մարդ։ Պաշտոնական տվյալներով` ավելի քան 3 հազար 700 հիվանդ բուժվել է, 2 հազար 700-ը հիվանդանոցներում շարունակում են բուժումը, որոնցից 64-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։

Կորոնավիրուսի դեմ պայքարում հանգստյան և տոն օրերին պարետային ժամ սահմանելը, երկրի բնակիչներին տանը պահելու ռազմավարությունը Ադրբեջանն ընդօրինակել է Թուրքիայից։