«Գլորիայի» վարակակիր աշխատակիցների թիվը հասավ 115-ի, ֆաբրիկան ևս 14 օր չի գործի

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի վարակակիր աշխատակիցների թիվը հասավ 115-ի։ Տնօրեն Բագրատ Դարբինյանի պնդմամբ` որևէ մեկն այս պահին հիվանդանոցում չէ։ Բացի ջերմող փոխտնօրեն Հասմիկ Ջուլհակյանից, մյուսները ախտանշաններ չունեն։

Վարակակիրներից մեկը հղի է։ Տնօրենն ասում է՝ անգամ նա ախտանշան չունի, հիվանդանոցից տուն են ուղարկել։ Պարետի որոշմամբ երեք օրով աշխատանքը դադարեցրած ֆաբրիկան վաղը ևս չի վերագործարկվի։ Տնօրենն ասաց՝ ևս 14 օրով երկարաձգվել է պարետի որոշմամբ ֆաբրիկան փակելու ժամկետը։

«Եթե անգամ չերկարաձգեին, մենք էինք փակելու։ Հավես չունենք, «Գլորիան» դարձել ա քննարկման թեմա»,- «Ազատությանն» ասաց Բագրատ Դարբինյանը։ «Պատվիրատուներն էլ, միևնույնն ա, արդեն դադարեցնում են։ Գերմանացին զանգել ա, որ լուրերով լսեցինք, որ ձեր մոտ էսքան վարակված ա, շնորհակալություն, հետ ուղարկեք հումքը։ Պատրաստվում ենք հետ ուղարկել»,- ավելացրեց Հայաստանի ամենամեծ տեքստիլ ֆաբրիկայի սեփականատերը։

Բագրատ Դարբինյանը ևս այսօր թեստ է հանձնել, թեև ախտանշաններ չունի։ Ասաց՝ իրեն լավ է զգում։ «Երեկ 40 րոպե վազել եմ մարզասարքի վրա, ընտիր է ինքնազգացողությունս, ջերմություն էլ չկա»,- նշեց նա։

Աշխատակիցներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, ասաց՝ իրենց ընտանիքի անդամներից երեքը, այդ թվում` ինքը «Գլորիայում» են աշխատում։ Երկուսի մոտ հաստատվել է վիրուսը, իր մոտ բացասական է եղել արդյունքը։ Ասում է՝ բժիշկների հորդորով մեկուսացել են, բայց բոլորն էլ իրենց լավ են զգում, որևէ ախտանշան չունեն։ Աշխատակցի պնդմամբ` ախտանշաններ չունեն նաև իրենց արտադրամասի մյուս բոլոր վարակակիրները։

Լոռու մարզպետարանի տվյալներով` մարզում վարակակիրների ընդհանուր թիվը 220 է։