Կորոնավիրուսից Հայաստանում մահացածների՝ 132 հոգու անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան ու մահվան ամսաթվեր, գրանցման հասցեներ և թե որ բուժհաստատությունում են իրենց մահկանացուն կնքել, հրապարակվել են Ֆեյսբուքում։
«Ազատության» հետ զրույցում Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հաստատեց հրապարակված տեղեկության իսկությունը՝ հավելելով, որ տեղի ունեցածի առնչությամբ դիմել են Ազգային անվտանգության ծառայություն. – «Մենք այդ փաստի առթիվ դիմել են իրավապահ մարմիններին` ընթացք տալու և հասկանալու համար, թե ինչպես են ընդհանրապես այդ տվյալները հայտնվել այդ էջը համակարգողի ձեռքին: Նաև իրավական գնահատականներ տալ այդ ամեն ինչին»:
Հարցին, թե արդյոք նախարարությունում ընթանում է ներքին քննություն այդ կապակցությամբ, Նիկողոսյանն արձագանգքեց. – «Ոչ... մենք չենք կարող հասկանալ: Փորձում ենք իհարկե պարզել. կա ընդհանուր մի հատ բազա, որտեղ այդ տվյալները գրանցվում են: Բայց անհնար է, որ մենք մեր ներքին ուժերով պարզենք, թե դա ոնց է տեղի ունեցել: Հնարավոր է երկրորդ տարբերակը լինի` հաքերային հարձակումով: Բոլոր տվյալները մեկ համակարգում են, ճիշտ է, այնտեղ որոշ բաներ տեղափոխած են` անուն-ազգանուն և այլն, բայց ամեն դեպքում դա կապ չունի, ամբողջովին ինքը նույնականացվում է այդ անձանց»:
«Ազատությունը» դիմեց Ազգային անվտանգության ծառայություն՝ արձագանք ստանալու ակնկալիքով։ Խոստացան պատասխանել ավելի ուշ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Առողջապահության նախարարության մայիսի 31-ին ներկայացրած տվյալների համաձայն, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմել էր 131, կարելի է ենթադրել, որ տվյալների արտահոսքը տեղի է ունեցել նախորդ մեկ-երկու օրերին։
Իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքով, տեղի ունեցածը արժանի է խիստ բացասական գնահատականի. – «Հուսով եմ, որ իրավապահ մարմինները շատ արագ կզբաղվեն և կպարզեն, թե ով է սրա հետևում կանգնած, ինչի հետևանքով է տեղի ունեցել, և ինչ պետք է անել, որ ապագայում նման բան չկրկնվի: Բնականաբար, մենք էլ կհետևենք, որպեսզի այդ գործը մինչև վերջ տարվի»:
Կատարվածը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով, որ բարոյական հարված է հասցվել մահացածների հարազատներին, և դրանում առաջնահերթ մեղավոր է պարետատունը, որի բացթողնման ուղղակի հետևանքն է այս արտահոսքը։
«Ազատությունը» փորձեց ստանալ նաև պարետատան արձագանքը, սակայն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ մեր զանգերը անպատասխան մնացին։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, գործ ունենք կա՛մ հաքերային հարձակման, կա՛մ սաբոտաժի հետ. – «Դա էջ է, որը պարբերաբար արթնանում-քնում է և արտահոսքներ է անում: Նախորդը Սաֆարյան Ստյոպայի, եթե հիշում եք, հեռախոսն էին գողացել, հետո էդ էջը սկսեց հրապարակել իբր Սաֆարյան Ստյոպայի նամակագրությունները այլ անձանց հետ: Կեղծված նամակագրություններ էին: Այդ էջի մասին շատ բան չգիտենք, բացի նրանից, որ Ֆեյսբուքը համարում է, որ դրա ադմինիստրատորը մեկն է, այսինքն` մեկ հոգու կողմից է կառավարվում, որը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում: Երկու տարբերակն էլ հնարավոր է: Այսինքն` կա'մ դա արվի ներքին սաբոտաժից ելնելով, կա'մ լինի արտաքին հաքերային հարձակում»:
Ըստ Մարտիրոսյանի, կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքը հիմք է տալիս նաև կասկածելու, թե Կառավարությունը որքանով է արդյունավետ պաշտպանում ապրիլից կիրառվող համակարգի տվյալները, ըստ որի բջջային հեռախոսների միջոցով ստացվում է մարդկանց տեղաշարժի քարտեզը, և ըստ այդմ փորձում են պարզել, թե կորոնավիրուսով վարակված անձը ում հետ է շփվել. – «Կարևոր, շատ լուրջ և շատ զգայուն տվյալներ են պահպանվում` փաստացի բոլորիս տեղաշարժը և բոլորիս հեռախոսազանգերի մետատվյալները, այսինքն` ով ում հետ կապ ունի: Այսինքն` բացահայտ կարելի է ճշտել բոլոր մարդկանց միջև կապերը և մարդկանց տեղաշարժերը: Ես համարում եմ, որ մենք` որպես հասարակություն, պետք է ամենավատ սցենարները դիտարկենք` մինչև որ չի ապահովված թափանցիկ տեղեկատվություն, թե այս ամեն ինչը ինչպես է կառավարվում, ով է, օրինակ, տեխնիկական աուդիտ արել, ինչ հետևանքներ է դա ունեցել և այլն, և այլն»: