Չինական Ուհանում (նաև՝ Վուհան) ողջ բնակչության՝ երկու շաբաթում իրականացված թեստավորման արդյունքում ընդամենը 300 վարակակիր է հայտնաբերվել, տեղական իշխանությունները միաժամանակ հաղորդել են՝ նրանցից որևէ մեկի մոտ Covid-19 չի զարգացել․ վարակակիրները վիրուսը տանում են առանց ախտանշանների և չեն փոխանցում այլոց, քանի որ նրանց դիմակի, ատամի խոզանակի և անձնական հիգիանայի այլ պարագաների վրա վիրուս չի հայտնաբերվել։
«Սա ցույց է տալիս, որ Ուհանը անվտանգ է և ապահով», - հայտարարել է Չինաստանի Հիվանդությունների կանխարգելման կենտրոնը:
Քաղաքը, ուր և սկիզբ էր առել նոր տիպի կորոնավիրուսի վարակն անցած տարեվերջին, որոշել էր բոլոր՝ մոտ 11 միլիոն բնակիչներին թեստավորել, երբ ամիսներ շարունակված խիստ սահմանափակումներից հետո տեղում վարակի նոր դեպքեր էին արձանագրվել: