Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարարները վարչապետին են դիմել Հոնկոնգի հարցով

Մայիսի 30-ի բողոքի ցույցը Հոնկոնգում

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին յոթ նախարարներ դիմել են վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ կոչ անելով Հոնկոնգի հարցով միջազգային դիտորդական խումբ կազմել:

Մտահոգության պատճառը Չինաստանի ազգային անվտանգությանն առնչվող նոր օրենսդրական նախաձեռնությունն է, որը հնարավորություն է ընձեռում Պեկինին ամրապնդել վերահսկողությունը անկախության որոշակի աստիճան ունեցող քաղաքի նկատմամբ:

Օրենսդրության ընդդիմախոսները մտավախություն ունեն, որ Չինաստանն այն օգտագործելու է այլախոհությունը ճնշելու համար՝ այդկերպ ոչնչացնելով բրիտանական նախկին գաղութի անկախության վերջին նշույլները:

Քննադատություններին ի պատասխան՝ Պեկինը հայտարարում է, որ օրենքը միտված է «ահաբեկչության և անջատականության դեմ», որի վտանգն առկա է անցյալ տարի ամիսներ տևած բողոքի զանգվածային ցույցերից հետո։

«Մեծ Բրիտանիան պետք է առաջատար դերակատարում ունենա ճգնաժամը կարգավորելու հարցում», - վարչապետ Ջոնսոնին ուղղված նամակում շեշտում են նախկին բարձրաստիճան դիվանագետները՝ Մարգարեթ Բաքեթը, Մալքոլմ Ռիֆքինդը, Ուիլյամ Հեյգը, Ջերեմի Հանթը, Դեյվիդ Միլիբենդը, Ջեք Օուենը և Ջեկ Սթրոն:

Մեծ Բրիտանիան Հոնկոնգը Պեկինին է փոխանցել է 1997 թվականին։ Չինաստանի իշխանությունները հավաստիացրել էին, որ կհետևեն այդ տարածքում մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության իրավունքների պահպանմանը առնվազն 50 տարի: Պայմանավորվածության ժամկետը լրանում է 2047 թվականին, և թե ինչ կարող է տեղի ունենալ Հոնկոնգի ինքնավարության հետ դրանից հետո, անհայտ է։