Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տվող նախագիծը

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու հնարավորություն տվող նախագիծը։

«Կողմ՝ 83, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 0, որոշումն ընդունվել է», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս չեղարկել ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում նշանակված հանրաքվեն, ինչպես նաև կարգավորումներ է սահմանում այն դեպքերի համար, երբ հանրաքվեն, այնուամենայնիվ, կայանում է: Նախագծի հեղինակը պնդում է՝ գործող օրենքում բաց կա:

Խորհրդարանական ընդդիմությունը նախագիծը որակեց հակասահմանադրական։ Նախքան քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը՝ հորդորելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը հետևել իրենց օրինակին։

«Մենք գտնում ենք, որ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց, և չենք մասնակցելու քվեարկությանը, որ մեր ձայներով չապահովենք այն անցնելը: Նաև մեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործընկերներին կոչ կանեի չմասնակցել քվեարկությանը, որովհետև իրենք նույնպես դեմ են արտահայտվել», - ասաց Մարուքյանը:​

ԲՀԿ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց, վերադարձավ ու դեմ քվեարկեց օրինագծին։ «Նույն հաջողությամբ խորհրդարանը կարող էր հունիս ամիսը չեղարկելու մասին օրինագիծ ընդունել»,- պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի արձագանքն էր քվեարկությանը։ Չուշացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան հումորային առաջարկը։

«Ազգային ժողովի լիազորությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, 88 հոդվածում հստակ նշված է՝ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, և Սահմանադրության 208-րդ հոդվածում հանրաքվեի մասով միայն մեկ դրույթ կա՝ հանրաքվեն հետաձգելու, հանրաքվեն չեղարկելու դրույթ չկա: Նույն տրամաբանությամբ Ազգային ժողովը կարող է հիմա քվեարկել և չեղարկել, օրինակ, հունիս ամիսը կամ, ասենք, Նոր տարին, այդ պատճառով «Բարգավաճ Հայաստան»-ը, հայտնելով հստակ քաղաքական դիրքորոշում, քվեարկել է դեմ: Էդ տրամաբանությամբ հիմա եկեք չեղարկենք հունիս ամիսը», - նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Տիկին Զոհրաբյան, սպասում ենք նախագծին»:

Համավարակով պայմանավորված պարզապես հնարավոր չէ հանրաքվե կազմակերպել։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, շարունակելով բացատրել օրինագծի անհրաժշետությունը, հիշեցրեց՝ ամիսներ առաջ հենց ընդդիմությունն էր դեմ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

«Եթե մտավախությունն այն է, որ այս նախագծից հետո մենք ձեռնարկելու ենք քայլեր՝ այնուամենայնիվ, գործող Սահմանադրական դատարանը (ՍԴ) համապատասխանեցնել 2015 թվականի Սահմանադրությանը, ապա պիտի ասեմ, որ, այո, մենք դա անելու ենք», - նշեց Մակունցը:

Նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանն էլ ավելացրեց՝ այս նախագծով ԱԺ-ին որևէ լիազորություն չի ավելացվում։

«Մենք ամեն օր ընդունում ենք օրենքներ՝ օրենքներում փոփոխություն կատարելու մասին: Սահմանադրությամբ գրված է, որ մենք օրենքներ ընդունելու իրավասություն ունենք, եթե ձեր տրամաբանությամբ շարժվենք, մեր առաջին ընդունած մայր օրենքները պետք է դառնան «Աստվածաշունչ», այսինքն՝ չպիտի փոփոխվեն, որովհետև ձեր տրամաբանությունը դրան է տանում: Այսինքն՝ Ազգային ժողովն իր ընդունած որոշումները փոփոխելու իրավունք ունի, և այս օրինագծով այդ հնարավորությունն է տրվում», - ընդգծեց Հովակիմյանը:

Փոփոխություններին օրենքի ուժ տալուց հետո նոր միայն Ազգային ժողովի պատգամավորները կարող են հանդես գալ ապրիլի 5-ին նշանակված և արտակարգ դրության պատճառով հետաձգված սահմանադրական հանրաքվեն չեղարկելու նախաձեռնությամբ: Իշխանության մի քանի ներկայացուցիչներ արդեն հրապարակային խոսել են այն մասին, որ ցանկանում են ՍԴ-ի շուրջ ստեղծված հարցը ԱԺ լիազորությունների շրջանակում լուծել, և այդ մասով արդարադատության նախարարը խորհրդատվության համար արդեն դիմել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովին։