Միացյալ Նահանգներում արդեն 5-րդ օրն է` շարունակվում են անկարգությունները, որ բռնկվել են սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահից հետո։
Անցած գիշերն ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել, հրկիզումներ, կողոպտվել են բազմաթիվ խանութներ։ Ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների հետևանքով երկու կողմից վիրավորներ կան։ Բերման է ենթարկվել հազարից ավելի մարդ։
Բռնությունները զսպելու նպատակով ավելի քան երկու տասնյակ քաղաքներում պարետային ժամ է մտցել։
Նախագահ Դոնալդ Թրամփը անկարգությունների մասնակիցներին կրկին զգուշացրել է լուրջ հետևանքների մասին։ Նրա քաղաքական հակառակորդները ևս, ներառյալ Ջո Բայդենը դատապարտում են բռնությունները` միաժամանակ նշելով, թե հասկանում են բողոքի ակցիաների շարժառիթները։
Մայիսի 25-ին Մինեապոլիսում 46-ամյա Ջորջ Ֆլոյդի մահվան համար ցուցարարները մեղադրում են ոստիկաններին, միջադեպին մասնակցած 4 ոստիկանները հեռացվել են աշխատանքից, նրանից մեկը ձերբակալվել է։