Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցավ 9 հազարը, գրանցվել է մահվան ևս 4 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 355-ով՝ հասնելով 9 հազար 282-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կենտրոնի կայքում այսօր ժամը 11-ի սահմաններում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 69-ով և հասել 3 հազար 386-ի:

Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 58 հազար 65 է:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 131-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Կորոնավիրուսով վարակված ևս 2 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով, այդպիսի դեպքերի թիվը հասավ 50-ի:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 715 մարդ: