Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում, քանի առկա է Covid-19-ով վարակվելու վտանգը. փաստաբան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Մարտի 1-ի գործով հիմնական ամբաստանյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում այնքան ժամանակ, քանի դեռ առկա է նոր կորոնավիրուսով վարակվելու վտանգը։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը՝ պարզաբանելով վարչական դատարանի երեկ կայացրած որոշումը, ըստ որի՝ մինչև համաճարակի ավարտը Քոչարյանը կշարունակի մնալ հիվանդանոցում։

Երկրում սահմանված արտակարգ դրության ավարտը դեռ չի նշանակում համաճարակի դեմ պայքարի ավարտ, ուստի փաստաբանական թիմը ակնարկում է՝ խոսքը շատ ավելի երկար ժամկետների մասին է։

«Ես կարծում եմ, որ արտակարգ դրության ժամկետն ամեն դեպքում երկարացվելու է, որովհետև ոչինչ չի հուշում, որ այդ արտակարգ միջոցառումները պետք է չշարունակվեն», - ասաց փաստաբանը:

«Ազատության» հարցին, որ առողջապահության նախարարն ասաց, թե համավարակը կարող է շարունակվել 5 տարի, սա նշանակո՞ւմ է, որ Քոչարյանը պետք է հինգ տարի մնա «Իզմիրլյան» ԲԿ-ում, Խուդոյանը պատասխանեց. «Տեսականորեն դա նշանակում է, պրակտիկ՝ վարչական գործն այդքան երկար տևել չի կարող՝ ընդհանուր դատավարությունը, շատ ավելի կարճ է տևելու, վերջնական լուծվելու է: Մեր հիմնական շեշտադրումը մյուս գործի հետ կապված այն է, որ չի բացառվում, որ քրեական գործի վարույթն էլ այդքան երկար չտևի»:

Հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում այս դեպքում Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին, Խուդոյանն ասաց՝ այնպես, ինչպես դատարան ներկայանում են ազատության մեջ գտնվող մարդիկ։

«Որևէ խոչընդոտ չկա, եթե դատական նիստեր կայանան, հիվանդանոցից նիստերին մասնակցելու: Այսինքն՝ նույն պայմաններում, ինչ որ անձը կլիներ ազատության մեջ իր տանը ու կգար, կներկայանար դատարան նիստերին», - նշեց Խուդոյանը

«Սա ոչ թե երկակի, այլ բազմակի ստանդարտ է», - «Ազատության» հետ զրույցում իրավիճակին գնահատական է տալիս իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Հարց է բարձրացնում՝ իսկ ո՞վ է վստահ, որ հենց բժշկական կենտրոնում ամենաապահով պայմաններն են կորոնավիրուսով չվարակվելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր շատ բուժաշխատողներ արդեն իսկ բախվել են այս խնդրին։

«Ուղղակի հերթական անգամ արտոնյալ պայմաններ ստեղծեցին նրանց համար, ովքեր որ ամենայն հավանականությամբ ունեն հնարավորություններ, ունեն կապեր, ունեն ազդեցություն: Սա ևս մեկ անգամ, կարծում եմ, ապացուցեց, որ ամբաստանյալ Քոչարյանի ազդեցության հնարավորություններն ուղղակի անսպառ են, և ևս մեկ անգամ ապացուցվեց, որ նրա ազատության մեջ գտնվելն ավելի մեծ խնդիրներ կառաջացնի, քան պաշտպանական կողմը փորձում է ներկայացնել», - ասաց իրավապաշտպանը:

Կարապետյանցի համար նաև անհասկանալի է դատարանի որոշման բովանդակությունը։ Ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Քոչարյանն արդեն իսկ արտոնյալ պայմաններում է. բանտախցում մենակ է։ Ակնարկում է՝ գուցե Քոչարյանը հետագայում էլ ավելի լավ պայմաններ ուզի։

«Ես հասկանում եմ, որ կարելի էր ավելի լավ պայմաններով, օրինակ, խոսել, ուղարկել Բադեն-Բադեն, միչև վիրուսն ավարտվի: Սա ես կարծում եմ՝ շատ լուրջ որոշում չի, էլի, դատարանն այնուամենայնիվ պետք է հասկանա՝ ինքն ինչ է անում: Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, բոլոր ամբաստանյալները կամ դատապարտյալները, ովքեր համապատասխանում են այդ չափանիշներին, տարիքին, մնացած բոլոր պայմաններին, ի՞նչ պետք է անեն, պետք է դիմեն վարչական դատարան, ուղարկեն հիվանդանո՞ց: Բնականաբար դա հնարավոր չի լինելու, և մեկ անգամ ևս երևաց, թե ինչքան կողմնակալ են մեր դատարանները, մեր բոլոր մարմինները, որոնք իբր արդարադատություն են իրականացնում», - նշեց Կարապետյանցը:

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված 9 անձանց իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հայցադիմումն իրենց ուղարկված չի եղել, որպես կողմ ներգրաված չեն եղել, երկուշաբթի կդիմեն, որպեսզի ստանան գործի նյութերը և կպահանջեն, որ ներգրավվեն որպես գործի մասնակից։ Քոչարյանի փաստաբան Խուդոյանը, սակայն, պնդում է, որ տուժող կողմը պարզապես չի կարող մասնակցել կամ բողոքարկել այս որոշումը։

Գլխավոր դատախազության ներկայացուցիչը ևս որպես կողմ ներգրավված չի եղել այս գործում։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դատական ակտը ստանալուց հետո կուսումնասիրեն որոշման հիմքերը, ըստ այդմ կդիտարկվի դատական ակտը բողոքարկելու հնարավորությունն ու անհրաժեշտությունը։