Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպ վեցերորդին՝ Իսպանիայում կորոնավիրուսի համավարակի հետևանքով հազարավոր մարդկային կորուստների կապակցությամբ:
«Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Իսպանիայում ձեռնարկվող արդյունավետ միջոցները հնարավորություն կտան ամենասեղմ ժամկետներում վերականգնել երկրի բնականոն ընթացքը:
Նոր տիպի կորոնավիրուսը մարտահրավեր է՝ ուղղված ամբողջ մարդկությանը: Հայաստանը լիակատար համերաշխություն է հայտնում Իսպանիային համավարակի դեմ պայքարում և վերահաստատում իր պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակին համարժեք հակազդելու և այս աղետի ծանր հետևանքները վերացնելու նպատակով», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է հեռագրում։
Վերջին տվյալներով, որ հրապարակել է ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանը, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն Իսպանիայում մոտենում է 238 հազարին, հիվանդությունից մահացել է ավելի քան 27 հազար մարդ: Մայիսի 27-ից երկրում սգո արարողություններ են, որոնք կշարունակվեն և դրոշները խոնարհված կմնան տասն օր: