Քննչական կոմիտեն ստուգում է Քաջարան համայնքի ղեկավարի մասնակցությունը տեղի ունեցած դեպքերին

Քննչական կոմիտեն (ՔԿ) քննում է՝ արդյոք Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ևս ներգրավված է ապրիլին տեղի ունեցած ծեծկռտուքի մեջ, թե ոչ։ Այս պահին այդ միջադեպի հետևանքով 4 մարդ է ձերբակալված, որոնց վերագրվում է քաղաքացու առևանգում և թմրամիջոցների ապօրինի շրջանառություն։

Երեկ Քաջարանում բողոքի ակցիա էր` ձերբակալված 4 անձանց պաշտպանության համար։ Նրանց ծեծելու մասին տեղեկությունն էր քաջարանցիներին փողոց հանել։ Նրանք համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ միասին մինչև ուշ երեկո բողոքի ակցիա էին անցկացնում՝ դատապարտելով տեղի ունեցածը։ Արտակարգ դրության պայմաններում, երբ արգելված է հանրային հավաքների անցկացումը, քաջարանցիների ակցիան տևեց մինչև կեսգիշեր։

Այսօր արդեն գլխավոր դատախազությունը հաղորդեց՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) կքննի, թե արդյոք ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ոստիկանները բռնություն են կատարել։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը փոխանցում է, որ երեկ այս մասին ահազանգած լրատվամիջոցների հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու և այս հարցի ընթացքը լուծելու հանձնարարությամբ: ՀՔԾ-ն միևնույն ժամանակ սեփական նախաձեռնությամբ արդեն ուսումնասիրում է այդ հրապարակումները։

Մարզպետ Հունան Պողոսյանը, երեկ հանդիպելով ակցիայի մասնակիցներին, հավաստիացրել է, որ օբյեկտիվ քննությամբ կպարզվի իրականությունը։ «Ազատության» հետ զրույցում մարզպետն ասաց՝ սա այն դեպքն է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն տաքացնել ձեռքերը. - «Դեպք է տեղի ունեցել, այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, և քրեական գործի նախաքննության ընթացքում քրեադատավարական ընթացակարգեր են: Ցանկացած քրեական գործում նման ընթացակարգեր են լինում: Սա այն դեպքն է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն տաքացնել ձեռքեր, ոտքեր...

Ոչ մեկի ոչ ականջներն եմ ուզում տեսնել, ի սկզբանե, պետք է նորից կրկնեմ...Չեմ ուզում որևէ մեկի ականջ տեսնել: Ես ուզում եմ, որ նորմալ ընթացակարգեր լինի, և այս ամեն ինչը չօգտագործվի ինչ-որ ուժերի կողմից»:

Ձերբակալվածներից Խորեն Միրզոյանի փաստաբանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իր պաշտպանյալին ոստիկանությունում չեն ծեծել։ Կարեն Ղազարյանն ասաց՝ Միրզոյանը անգամ տեղյակ չէ, մյուս երեքին ծեծել են, թե ոչ.- «Խորեն Միրզոյանը ինձ չի պատմել դրա մասին, ըստ էության ինքը չի տեսել, այդ տեղեկատվությունը մենք արդեն ստացել ենք դրսի ժողովրդից»:

Միրզոյանը իրեն վերագրվող կասկածները չի ընդունում, ասաց փաստաբանը՝ պատմելով, որ երեկ փաստաբաններին թույլ չէին տալիս մուտք գործել ոստիկանական շենք ու իրավական օգնություն ցուցաբերել ձերբակալվածներին.- «Մենք ընդհանրապես հրաժարվել ենք ցուցմունք տալուց, օգտվում ենք լռելու իրավունքից»:

Քննչական կոմիտեն երեկ ուշ երեկոյան պարզաբանում տարածեց, թե ինչու է ձերբակալել 4 անձի։ Կոմիտեն քրեական գործ է հարուցել Քաջարանում ապրիլին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։ Ըստ իրավապահների` ապրիլի 26-ին Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող ռեստորանի տարածքում շուրջ 20 հոգու միջև ծեծկռտուք է եղել։ Այդ մարդիկ այդ վայր են եկել համայնքի ղեկավարի կանչով, Փարամազյանը ևս ներկա է եղել։ Նրանց Փարամազյանը կանչել է` երկու քաջարանցու միջև ծագած վեճի մանրամասները պարզաբանելու համար։ Այս ծեծկռտուքից 3 օր անց՝ ապրիլի 29-ին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են մի քաղաքացու և ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ընկերության տարածք, ծեծի ենթարկել։ Կես ժամ ծեծելուց հետո ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան: Քրեական գործի նախաքննության ընթացքում այդ առանձնատանը կատարվել է խուզարկություն, հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Արդեն երեկ ձերբակալվել են քաղաքացուն առևանգած ու ծեծի ենթարկած անձինք՝ մարդուն առևանգելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։

Երեկվա ակցիայի մասնակիցները պաշտպանում էին հենց այս հանցանքերում կասկածվողներին։

Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ նախաքննությունը շարունակվում է.- «Իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ` համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ»:

Քաջարանի համայնքի ղեկավարի հետ կապվել չհաջողվեց։ Նրա հեռախոսահամարը անհասանելի է, իսկ քաղաքապետարանից փոխանցեցին՝ քաղաքապետն այսօրվանից արձակուրդ է գնացել։ Մանվել Փարամազյանը Քաջարանը ղեկավարում է 2016 թվականից։