Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետ. Ես չէի ցանկանա, որ այս դեպքի ֆոնի վրա ինչ-որ մարդիկ ձեռքեր փորձեն տաքացնել


Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, արխիվ
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, արխիվ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում անդրադառնում է Կապանում այսօր տեղի ունեցող դեպքերին, ընթացող բողոքի ցույցին: «Ես չէի ցանկանա, որ ինչ-որ մարդիկ ձեռքեր տաքացնեն էս դեպքի վրա»,- ասում է Հունան Պողոսյանը:

Ներկայացնում ենք Սյունիքի մարզպետի հետ զրույցը.

«Ազատություն».- Պարո՛ն Պողոսյան, Կապանում այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցները պնդել են, որ օրեր առաջ քաղաքապետին առնչվող մի քրեական գործի շրջանակում ոստիկանություն բերված ենթարկված անձանցից մեկի` Նվեր Խաչատրյանի նկատմամբ բռնություն է կատարվել ոստիկանության բաժնում: Դուք այսօր հանդիպեցիք բողոքի ակցիայի մասնակիցներին, ի՞նչ մանրամասներ Ձեզ հայտնեցին: Եղե՞լ է բռնություն:

Հունան Պողոսյան.- Բողոքի ակցիայի պատճառը, երբ որ քիչ առաջ հանդիպեցի մասնակիցների հետ, հետևյալն է` ինձ` որպես մարզպետ պահանջում էին, որ ես, այսպես ասած, միջնորդ հանդիսանամ ժողովրդի և իրավապահների միջև և ներկայացնեմ ժողովրդի պահանջները, նաև որոշակի դերակատարություն ունենամ այն առումով, որ բերման ենթարկվածներին բաց թողնեն: Միանգամից պատասխանեցի, ընկալման խնդիր է, մի մասը հասկանում է, որ դա մարզպետի գործառույթի մեջ չի մտնում, մի մասը միգուցե չի հասկանում, բացատրեցի, որ դա իմ գործառույթների մեջ չի մտնում, բայց ես բոլոր մտահոգությունները կփոխանցեմ:

«Ազատություն».- Իրենք ասում են, որ իրենց տեղեկություններով` ոստիկանություն բերման ենթարկված անձանց նկատմամբ բռնություն է կիրառվել:

Հունան Պողոսյան.- Դրա մասին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ոստիկանապետի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել, որի օբյեկտիվության վրա ես նույնպես չեմ կասկածում, ու եթե կլինեն մեղավորներ, բնականաբար կպատժվեն, դրա մասին էլ ես այնտեղ հայտարարեցի:

«Ազատություն».- Ըստ իրենց` բերման ենթարկվածներից օրինակ` Նվեր Խաչատրյանը, որին սխալմամբ են բերման ենթարկել, հետագայում ազատ է արձակվել, նրա մարմնի վրա բռնության հետքեր կան:

Հունան Պողոսյան.- Տեղում զրուցեցի, ոնց որ Նվեր Խաչատրյանի եղբայրն էր, շատ կիրթ երիտասարդ էր, ես հավաստիացրի, ինքն էլ բավարարվեց իմ պատասխանից:

«Ազատություն».- Այսինքն` ի՞նչ հավաստիացրիք:

Հունան Պողոսյան.- Որ ոստիկանությունն արդեն հաղորդագրություն է տարածել, նշանակվել է ծառայողական քննություն, և ծառայողական քննության շրջանակներում եթե կլինեն մեղավորներ, միանշանակ կպատժվեն:

«Ազատություն».- Կմանրամասնե՞ք` ինչ քրեական գործի մասին է խոսքը: Մամուլում լուրեր կան, որ Կապանում և Քաջարանում ձերբակալություններն իրականացվել են կոնկրետ հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին: Ըստ լուրերի` խոսքը համայնքապետերի մասնակցությամբ ծեծի և առևանգման միջադեպի մասին է: Մանվել Փարամազյանն էլ չէր հերքել, որ օրեր առաջ խուզարկություն էր կատարվել իր և իր մերձավորների բնակարաններում: Կուզենայի` Դուք մանրամասնեիք` ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը:

Հունան Պողոսյան.- Ամեն ինչը հղում անելով է, որովհետև ես տեղում էլ, ժողովրդի հետ հանդիպելուց էլ բացատրեցի, որ մի՛ ղեկավարվեք էմոցիաներով, մի՛ ղեկավարվեք կրքերով, տիրապետեք ինքներդ ձեզ, ընդամենը քրեական գործի շրջանակներում, նույնիսկ պաշտպանական կողմին, այնտեղ էին նաև փաստաբաններ, ուղիղ հարց ուղղեցի` դուք գործի փաստական տվյալներին ծանո՞թ եք ողջ ծավալով: Բնականաբար մարդն ասաց, որ ծանոթ չի, որովհետև ֆիզիկապես չէր էլ կարող հասցնել, նոր պետք է ծանոթանա:

«Ազատություն».- Քաղաքապետը հայտարարել է, որ կասկածելի բան չի հայտնաբերվել այդ խուզարկությունների ժամանակ, և դրան հաջորդել են համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները` նրանց նկատմամբ բռնության կիրառմամբ:

Հունան Պողոսյան.- Առանց հարուցված քրեական գործի մասին որևէ տեղեկություններ իմանալու, առանց փաստական տվյալների մասին որևէ բան իմանալու` նման հայտարարություններ անել, էմոցիաներ բորբոքել, կարծում եմ, սխալ է: Սա այն դեպքն է, երբ ես չէի ցանկանա, որ այս դեպքի ֆոնի վրա ինչ-որ մարդիկ ձեռքեր փորձեն տաքացնել: Երկրորդը` չէի էլ ցանկանա, որ լինեին մարդիկ, որ հորթի հրճվանք ապրեին, ասեին` գիտեք ինչ, հեսա այս ղեկավարին են կալանավորելու, այն ղեկավարին, ոչ, այստեղ էլ գործում է անմեղության կանխավարկածը: Բոլոր դեպքերում, ես վստահ եմ, որ ապահովվելու է քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը, լրիվությունը: Եվ քննությունը կատարվում է հենց այդ նպատակով` մեղավորներին ի հայտ բերելու, անմեղներին բաց թողնելու:

«Ազատություն». - Քաջարանի համայնքապետը հայտարարություն է տարածել այսօր և ասել, որ այդ խուզարկությունների ժամանակ որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել, և իր նկատմամբ կատարվող այդ գործողությունները քաղաքական հետապնդում են: Ի՞նչ քաղաքական հետապնդման մասին է բարձրաձայնում Մանվել Փարամազյանը:

Հունան Պողոսյան. - Նախ, քաղաքական հետապնդումների մասով ասեմ հետևյալը՝ առնվազն այդ հայտարարությունը այդ մասով իմ համար անհասկանալի է: Ես շուրջ մեկ տարի յոթ ամիս պաշտոնավարում եմ, և երբևէ որևէ մի աշխատակցի, մարդու, քաղաքացու, գյուղացու նկատմամբ որևէ նման հետապնդում չեմ տեսել մեր մարզի տարածքում՝ համայնքային իշխանություններ կլինեն, մարզային իշխանություններ, մեր աշխատակիցները, մեր մարզերի, համայնքների ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները, որևէ մեկի նկատմամբ նման բան չի եղել:

Եվ ամենակարևորը, իմ իմացած տեղեկություններով՝ սա լրիվ տեղավորվում է իրավական հարթությունում. դեպք է տեղի ունեցել, այդ կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, և քրեական գործի նախաքննության ընթացքում քրեադատավարական ընթացակարգեր են: Ցանկացած քրեական գործում նման ընթացակարգեր են լինում:

«Ազատություն». - Ասացիք, որ սա այն դեպքն է, որ չէիք ցանկանա, որ ինչ-որ մարդիկ փորձեն ձեռքեր տաքացնել, և այլն: Դուք ի՞նչ նկատի ունեք՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մամուլում վարկածներ կան, որ այս բողոքի ակցիաները ուղղորդված են, կրում են ուղղուրդված բնույթ և հրահրվում են նախկին իշխող ուժի մի հատվածի կողմից, որոնք վերջին տարիներին այստեղ ունեցել են լուրջ տնտեսական ու քաղաքական հետաքրքրություններ: Արդյո՞ք Ձեր ակնարկները այս մասին են:

Հունան Պողոսյան. - Ես չեմ ուզում հաստատել որևէ նմանատիպ մի բան, բայց ասացի իմ խոսքում, հիմա էլ նորից կրկնում եմ՝ սա այն դեպքն է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն տաքացնել ձեռքեր, ոտքեր...

Ոչ մեկի ոչ ականջներն եմ ուզում տեսնել, ի սկզբանե, պետք է նորից կրկնեմ...

«Ազատություն». - Ո՞ւմ ականջներն եք տեսնում:

Հունան Պողոսյան. - Չեմ ուզում որևէ մեկի ականջ տեսնել: Ես ուզում եմ, որ նորմալ ընթացակարգեր լինի, և այս ամեն ինչը չօգտագործվի ինչ-որ ուժերի կողմից:

«Ազատություն». - Ինչո՞վ ավարտվեց Ձեր հանդիպումը Քաջարանի բնակիչների հետ: Նրանք պահանջում էին, չէ՞, որ Երևան չտեղափոխվեն ձերբակալվածները:

Հունան Պողոսյան. - Նրանց պահանջը հետևյալն է՝ Երևան չտեղափոխվեն, քննությունը իրականացվի Կապանում, քանի որ կան պատկան մարմիններ նաև Կապանում: Դա իմ իրավասությունից դուրս հարց է, ես այդպես էլ իրենց բացատրեցի, քրեական գործի բոլոր հանգամանքներին ծանոթ չեմ, ինչը բնական է, և ես ասացի՝ «բայց ձեզանից որևէ մեկը կասկած թող չունենա, որ օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն է ընթանալու»: Ընդամենը այսքանը:

«Ազատություն». - Այսինքն՝ ի՞նչ եզրահանգման եկաք, ի՞նչ ասացին, որ «այո, կդադարեցնե՞նք բողոքի ակցիաները»:

Հունան Պողոսյան. - Ոչ, բողոքի ակցիաները շարունակվում են դեռ, և իրավապահների հետ են արդեն բանակցում:

XS
SM
MD
LG