Առաջնագծում տիրող օպերատիվ իրավիճակի, ադրբեջանական բանակի զորավարժությունների, դրանց բնույթի և տեղաշարժերի մասին է զեկուցել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ջալալ Հարությունյանը այսօր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ: Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումներն ուշադիր հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին, հավաստիացրել է նախարարը:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները՝ Զինված ուժերի հրամանատարական կազմի հետ միասին, կատարելու են առավելագույնը երկրի պաշտպանունակության հետևողական բարձրացման և զինծառայողների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման ուղղությամբ: Նա մասնավորապես ընդգծել է, որ առաջիկայում շոշափելի քայլեր կձեռնարկվեն ՊԲ հերթացուցակում գտնվողներին նախատեսված ժամկետից շուտ բնակարաններով ապահովելու նպատակով:
Հիշեցնենք, շաբաթ օրը Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական զինուժի դիվերսիոն ներթափանցման փորձի մասին: «ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել», - ասված էր հաղորդագրությունում:
Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահի պարտականություններն ստանձնեց մայիսի 21-ին, երդմնակալության արարողությունը կայացավ Շուշիում: