Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 5,4 միլիոնը, մահացել է շուրջ 345 հազար մարդ, բուժվել է 2 միլիոն 170 հազարը

Կորոնավիրուսի ախտորոշում լաբորատորիայում, արխիվ

Կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աշխարհում անցել է 5 միլիոն 410 հազարը, ավելի քան 345 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, մոտ 2 միլիոն 170 հազարը բուժվել 1, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Բրազիլիան վարակվածների թվով աշխարհում արդեն երկրորդ տեղում է: Միացյալ Նահանգներն արգելել է քաղաքացիների մուտքն այս երկրից՝ բացառությամբ ԱՄՆ քաղաքացիների:

ԱՄՆ-ում համաճարակի զոհերի թիվը մոտենում է 98 հազարի: The New York Times-ը առաջին էջում հրապարակել է COVID-ից մահացած հազար մարդկանց անուններ՝ ընդգծելով, որ դա զոհերի միայն մեկ տոկոսն է:

Բրիտանիայում, որը վարակվածների թվով աշխարհում 4-րդն է, նոր թափ է ստանում սկանդալը՝ կապված վարչապետի խորհրդական Դոմինիկ Քամինգսի հետ: Նա, խախտելով սահմանափակումները, երկու ուղևորություն է կատարել՝ անցնելով ամբողջ երկրով: Բարձրաստիճան պաշտոնյան, այդուհանդերձ, հրաժարական չի ներկայացնում, իսկ վարչապետ Բորիս Ջոնսոնը պաշտպանում է նրան:

Իսպանիան, որն աշխարհում հինգերորդ տեղում է վարակվածների թվով, պատրաստվում է սահմանները բացել հուլիսին: Եվրոպական շատ երկրներ, մինչդեռ, դա կանեն արդեն հունիսի 15-ին:

Ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի (Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայություն)՝ Ռուսաստանի շրջանների կեսից ավելին պատրաստ է սահմանափակումների վերացման առաջին փուլին: Չելյաբինսկի մարզում սահմանափակումներն արդեն մասամբ չեղարկվել են: Ռուսաստանը վարակվածների թվով երրորդն է աշխարհում: