Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիի (նաև՝ Հաշոգի) ընտանիքը հայտարարել է, թե «ներում է մարդասպաններին»: Այդ մասին Թվիթերում գրել է լրագրողի որդին՝ Սալահ Խաշոգջին:
«Մենք՝ նահատակ Ջամալ Խաշոգջիի զավակներս, հայտարարում ենք, որ ներում ենք շնորհում մեր հորը սպանողներին», - գրել է Սալահ Խաշոգջին:
Ջամալ Խաշոգջին նախատեսված ամուսնության համար անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 2-ին մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և անհետացել է:
Ենթադրվում է, որ նրան նույն օրը դաժանաբար սպանել են, մարմինը մասնատել և ոչնչացրել են:
Սպանությունը դարձել է համաշխարհային սկանդալի պատճառ: Խաշոգջիի մտերիմների, թուրք պաշտոնյաների, քննիչների, ինչպես նաև իրավապաշտպանների համոզմամբ՝ լրագրողին սպանել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալմանի պատվերով:
Սպանության դրդապատճառ են համարվում Սաուդյան Արաբիայի իշխող գերդաստանի դեմ Խաշոգջիի հեղինակած հրապարակումները:
Անցյալ տարվա դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի դատարանը լրագրողի սպանությանն առնչություն ունեցող հինգ մարդկանց դատապարտել է մահվան, երեքին էլ՝ երկարատև ազատազրկման: Դռնփակ դատավարությունը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում:
ՄԱԿ-ը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները դատապարտել են այդ կարգով տեղի ունեցած դատավարությունը: Այնուամենայնիվ, Սալահ Խաշոգջին ասել է, թե «դատավարությունն արդար էր, և արդարությունը վերականգնվել է»: