Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի զեկուցողը պնդում է՝ Հաշոգիի սպանության գործով վճիռը հակասում է արդարությանը


Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին
Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին

Սաուդյան Արաբիայի դատարանի վճիռը լրագրող Ջամալ Հաշոգիի (Խաշոգջի) սպանության գործով հակասում է արդարությանը, քանի որ հանցագործության կազմակերպիչներն ազատության մեջ են։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի արտադատարանային մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Ագնես Կալամարը՝ շեշտելով, որ կազմակերպիչները չեն ներգրավվել ոչ նախաքննությունում, ոչ էլ դատական լսումներում:

Նախօրեին Սաուդյան Արաբիայի դատախազությունը տեղեկացրել է, որ երկրի դատարանը 5 հոգու մահապատժի է դատապարտել Ջամալ Հաշոգիի` 2018-ի աշնանը Ստամբուլում տեղի ունեցած սպանության համար: Մեղադրյալներից ևս երեքը դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման: Թագաժառանգ Մուհամեդ Բին Սալմանի մերձավոր զինակից և խորհրդական Սաուդ ալ Քահթանին, որին կասկածում էին Հաշոգիի սպանության գլխավոր կազմակերպիչը լինելու համար, ազատ է արձակվել:

Ավելի վաղ ՄԱԿ-ի հատուկ զեկույցում Կալամարը պնդել էր, որ լրագրողի սպանության գործում անմիջական մասնակցություն ունի Մուհամեդ Բին Սալմանը:

Հաշոգիի սպանության գործով դատավճիռը դատապարտել և անընդունելի են համարում ինչպես միջազգային իրավապաշտպան կառույցները , այնպես էլ լրագրողի ընտանիքը, հարսնացուն:

Լրագրողի դաժան սպանությունը տեղի է ունեցել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում: Թագավորության կոշտ ընդդիմախոսի մարմինը, ինչպես պարզվել է շաբաթներ անց, մասնատվել է:

Արևմտյան մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները, եզրահանգել են, որ Հաշոգիի սպանության հրամանը տվել է անձամբ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը:

XS
SM
MD
LG