Սերժ Սարգսյանի փաստաբանը միջնորդել է հետաձգել Հայաստանի երրորդ նախագահի մասնակցությամբ վաղվա դատական նիստը՝ համաճարակային իրավիճակով պայմանավորված:
«Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում ահագնացող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մայիսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով», - Ֆեյսբուքում գրում է փաստաբան Ամրամ Մակինյանը:
Նախկին նախագահի պաշտպանական թիմը խոստանում է հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին տեղեկացնել լրացուցիչ:
Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբանները պնդում են՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Հայաստանի երրորդ նախագահի գործով առաջին դատական նիստը կայացել է փետրվարի 25-ին:
Մարտի 26-ին և ապրիլի 23-ին նշանակված դատական նիստերը ևս հետաձգվել են պաշտոնաթող նախագահի փաստաբանների խնդրանքով: