Իշխանական պատգամավոր․ ՍԴ-ի ճգնաժամի լուծման ձևը, բովանդակությունը, ընդգրկումը դեռևս քննարկման փուլում են

Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Հովակիմյան («Իմ քայլը»)

«Կորոնավիրուսի պատճառով հանրաքվեի կասեցումը, կարծիք հայցելու՝ Կառավարության որոշումը և խնդիրը խորհրդարան վերադարձնելը շատ տեղին են՝ հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները հիմա ժամանակ կունենան խորհրդածելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքի շուրջ», - հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմոն Կիլջունենը՝ «շատ լավ լուր» համարելով Վենետիկի հանձնաժողովին դիմելը։

Որ իշխանությունները քննարկում են Սահմանադրական դատարանի ճգնաժամը խորհրդարանում լուծելու տարբերակը նաև Նիկոլ Փաշինյանը չէր թաքցրել։ Առնվազն մեկ տարի հանրաքվե չի կարող անցկացվել, մյուս կողմից էլ, ըստ վարչապետի, սահմանադրական ճգնաժամի լուծմանն այդքան սպասել չի կարելի:

Ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգվել է անորոշ ժամանակով։ Հանրաքվեի դրվելիք հարցը կոնկրետ էր՝ խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությամբ քվեարկության էր դրվելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները դադարեցնելու հարցը։

Եթե հարցը խորհրդարան վերադարձվի, ձևակերպումը նո՞ւյնն է լինելու։

Իշխանական «Իմ քայլ»-ից Վահագն Հովակիմյանը չշտապեց մեկ բառով պատասխանել՝ այո կամ ոչ։ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման ձևը, բովանդակությունն ու ընդգրկումը, նրա խոսքով, քննարկման փուլում է, որոշման համար կարևոր է Վենետիկի փորձագիտական կարծիքը․ - «[Քանի դեռ] Փաստաթուղթ չկա, ես որևէ բան չեմ կարող ասել, նույն նախագիծը կդրվի, թե մեկ այլ նախագիծ․․․ չկա այդ որոշումը։ Երբ որ կլինի այդ որոշումը, արդեն կհրապարակենք։ Իսկ այդ որոշման համար շատ կարևոր է նաև փորձագետների կարծիքը»։

«Ազատության» հարցին, թե արդյոք իրենք շարունակում են պնդել, որ այն դատավորները, որոնք նշանակվել, ընտրվել են Ազգային ժողովի կողմից մինչև 2015-ի փոփոխություններով Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, պետք է հեռանան, Հովակինյանը պատասխանեց․ - «Եթե ինձ դա հարցնեիք հանրաքվեի փուլում, միանշանակ կասեի այո։ Իսկ հիմա ես, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ, ես պիտի մատնանշեմ այնպիսի լուծում, որով նաև միջազգային կառույցներում Հայաստանի հեղինակությունը չի վնասի։ Որը կլուծի ճգնաժամը, բայց միևնույն ժամանակ միջազգային կառույցներում Հայաստանի հեղինակությունը չի վնասի։ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման ձևը, բովանդակությունը, ընդգրկումը դեռևս քննարկման փուլում են և դա առաջիկայում պարզ կլինի»։

Հետքայլ, հավաստիացնում էր պատգամավորը, չեն անում։

Թե ինչ հարցապնդումներ են իշխանությունները ուղարկել Վենետիկ, մինչև վերջ չի բացահայտվում։ Արդարադատության նախարարն ասել էր, որ հարցերը վերաբերում են Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարմանը։

Կարծիքը, կարծում են, արդեն հաջորդ ամիս կստանան։

Փոփոխված Սահմանադրությամբ ՍԴ դատավորները 12 տարի են պաշտոնավարում, նախագահն ու փոխնախագահը՝ 6։ Բայց անցումային դրույթներով այս ձևակերպումը Սահմանադրության հեղինակները վերապահել են 2018-ի ապրիլի 9-ից հետո ընտրված դատավորներին։ Նրանք 9 հոգանոց ՍԴ-ի կազմում այսօր 2-ն են՝ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը։

Երբ ընդդիմադիրները կարևորում էին Վենետիկի կարծիքն իմանալը, իշխանությունից հայտարարում էին՝ իմպերատիվ պահանջ չկա։ Հիմա ինչո՞ւ մտքափոխվեցին:

Վահագն Հովակիմյան․ - «Հանրաքվեի դեպքում որևէ մեկը չէր կարող Հայաստանի Հանրապետությանը քննադատել կամ մեղադրել։ Երբ որ խորհրդարանով է ճգնաժամը լուծվում, շահարկելու հնարավորությունը պահպանվելու է։ Նախկին իշխանության որոշ ներկայացուցիչները, որոնք շահարկելու մեծ վարպետներ են, իրենք փորձելու են շահարկել։ Սա է խնդիրը։ Մենք՝ որպես քաղաքական մեծամասնություն, պիտի այնպես անենք, որ շահարկումների հնարավորությունը նվազագույնի հասցվի»։

Հարցին, թե ՍԴ ճգնաժամը լուժելու Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ու իրենցը տարբերվելու դեպքում ինչպես են վարվելու, Հովակիմյանն արձագանքեց․ - «Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական նշանակություն ունի։ Միջազգային փորձագետները ի՞նչ են ասում։ Ասում են՝ այս խնդրի լուծման այս տարբերակը, մեր կարծիքով, սխալ է, որովհետև, չգիտեմ, ժողովրդավարության չափանիշներին չի համապատասխանում, կամ նախկինում եղել են նման դեպքեր, երբ որ խնդիրը այս ճանապարհով է լուծվել, և դա եղել է ժողովրդավարական․․․ Այսինքն՝ երբ որ կլինի այդ խորհրդատվական կարծիքը, այդ ժամանակ արդեն կարելի է հստակ հասկանալ, թե որն է ճիշտ, որն է սխալ։ Ճգնաժամը պետք է լուծվի»։

Եթե Սահմանադրության փոփոխությունները ԱԺ-ում կատարվեն, խորհրդարանական մեծամասնության ձայները կբավարարեն․ անհրաժեշտ է լինելու ճիշտ այնքան կողմ, ինչքան «Իմ քայլ» ունի՝ 88։

Ընդդիմադիրները չունեն որոշում, թե ինչ դիրքորոշում կորդեգրեն այդ սցենարի դեպքում։ Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն հանրաքվեին չմասնակցելու որոշում կայացրեցին։ ավելին՝ «Լուսավոր Հայաստանը» ապօրինի էր որակել ողջ գործընթացը։