Թրամփը վերջնագիր է ներկայացրել ԱՀԿ-ին

Շվեյցարիա - ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս, Ժնև, 18-ը մայիսի, 2020թ.

ԱՄՆ նախագահը վերջնագիր է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)` եթե կառույցը «էական բարեփոխումներ չանի» առաջիկա 30 օրում, Ամերիկան կվերանայի իր անդամակցությունը և վերջնականապես կսառեցնի այդ կազմակերպության ֆինանսավորումը:

«Դուք կարող էիք շատ կյանքեր փրկել», - գրել է Դոնալդ Թրամփը միջազգային կառույցի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսին ուղարկած նամակում` պնդելով, թե նրանք գործել են Չինաստանի թելադրանքով, արդյունավետ քայլեր չեն ձեռնարկել, ինչի համար այսօր աշխարհը «շատ բարձր գին է վճարում»:

Անցած տարի Ամերիկան ավելի քան 400 միլիոն դոլար է փոխանցել կառույցին` ընդհանուր ֆինանսավորման մոտ 15 տոկոսը:

Վաշինգտոնի շարունակական այս մեղադրանքների ֆոնին` երեկ, կազմակերպությունը հայտարարեց, թե որոշվել է հնարավորինս արագ անկախ հետաքննություն անցկացնել, պարզելու` որքանով են արդյունավետ և տեղին եղել համաճարակի դեմ մինչ օրս ձեռնարկված քայլերը: