Մայրաքաղաքում այսօրվանից գործում է հանրային տրանսպորտը

Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսկում է աշխատանքը՝ հատուկ ռեժիմով։ Ոչ մի կանգնած ուղևոր, երթևեկել միայն նստած, դիմակով ու ձեռնոցով։

Վաղ առավոտյան գիծ են դուրս եկել 800 ախտահանված «Գազել» ու 300 ավտոբուս։ Կանգառներում ոստիկաններ են և, իհարկե, իրավիճակը մոնիթորինգի ենթարկող քաղաքացիներ։ Ոստիկաններն իջեցնում էին նստելու տեղ չունեցող կանգնած, կքած, կռացած ուղևորներին։

«Իմ ընտանիքում ոչ ոք դիմակ չի կրել, չի կրելու», - զայրացած ավտոբուսից իջավ տիկին Անահիտը։ Մոտ կես ժամ անց նրան հանդիպեցինք երթուղային «Գազել»-ում՝ կապույտ դիմակով, սև ձեռնոցով և նահանջած դեմքով․ - «Ստիպված, ստիպված․․․ Շատ ստիպված»։

Ավտոբուսներում, երթուղայիններում նույնիսկ դիմակների տակ շնչահեղձ լինող քաղաքացիները հիմնականում դժգոհ չէին․ - «Առողջության համար որքան հնարավոր ա, պիտի պահենք»։

«Կանոնները պիտի պահպանենք, որ տրանսպորտն աշխատի», - ասում է տիկին Արաքսյան՝ վախենալով կրկին տաքսիներին վերադառնալու հեռանկարից։

Վարորդները դեռևս հարմարվելու փուլում են․ հեշտ չէ դիմակով, ձեռնոցով ղեկին, արևի տակ։

Տրոլեյբուսը միակ տրանսպորտային միջոցն է, որտեղ կարելի է կանգնած երթևեկել՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Վարորդ Մարատ Հակոբյանն ասում է, որ նույնիսկ նստատեղերը չեն լրացվում, աշխատում է թերբեռնված։

Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասում է, որ տրանսպորտային հարյուրավոր միջոցներում վարորդների և ուղևորների վարքագիծը հսկելու ռեսուրս չկա, ուստի թող քաղաքացիները միմյանց վերահսկեն․ - «Կարծում եմ, այդ միմյանց վերահսկողությունը բավականին մեծ ազդեցություն կունենա, որպեսզի կարողանանք այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալ»։

Փոքրաթիվ էին վարորդներն, ովքեր պահպանում էին պարետի սահմանած մեկ այլ կանոն՝ նվազեցնել ուղևորավարձի արկղիկի ու ուղևորի շփումը։

Երթուղայինի վարորդ Վաչագան Վիրաբյանն այդ բացառիկ կարգապահներից էր, սակայն նրան մտահոգում է ուղևորների պակասը։ Նրա կարծիքով, գծատերերը պետք է նվազեցնեն պլանները։

«Պլանը բացարձակ չէն իջեցրել, դրա համար մեքենաները քիչ են, շոֆերները շատ դժգոհ են»։

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատում է, որ այս հարցը պետք է քննարկեն մասնավոր ուղևորափոխադրողները, սակայն օրվա վերջում ուղևորահոսքի տվյալն ամփոփելով՝ իրենք էլ կհասկանան անելիքը։