Արենի խոշորացված համայնքի Արենի գյուղում, հաշվի առնելով իրավիճակը՝ այսօրվա դրությամբ կա արդեն մոտ 10 հաստատված դեպք, առողջապահության նախարարի առաջարկով որոշվել է սահմանել մուտքի և ելքի սահմանափակումներ՝ կորոնավիրուսի հետագա հնարավոր առավել տարածումից, վարակի նոր դեպքերից խուսափելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արենի համայնքի բնակիչները, գյուղի բնակիչները կարող են շփվել նաև այլ՝ Եղեգնաձորի, մյուս բոլոր համայնքների բնակիչների հետ, սահմանափակում ենք իրենց ելքումուտքը՝ վերահսկելի իրավիճակ ստեղծելու նպատակով», - նշեց մարզպետը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ուղիղ եթերում: Սահմանափակումները կշարունակվեն մինչև մայիսի 26-ը՝ նախնական. հնարավոր է, որ միջոցառումները թեթևացվեն կամ ավելի խստացվեն՝ կախված իրավիճակից:
Վարակի օջախի վերաբերյալ հարցին Գրիգորյանն արձագանքեց. - «Իհարկե, բոլոր այն անձինք, ովքեր այս հիվանդությամբ տառապում են, վարակված են, պարզ են, նրանք բոլորը մեկուսացված են, սահմանված կարգով անցնում են բուժման պրոցես, ոչ մի խնդիր չկա: Վիճակը կառավարելի է, ուղղակի որ չտարածվի՝ բոլոր հնարավոր միջոցառումները ձեռնարկվել են»:
«Միայն Արենի գյուղի գյուղացիներն են, Արենի խոշորացված համայնքի մեջ շատ գյուղեր են մտնում, բայց միայն Արենի գյուղի բնակիչներն են», - ընդգծեց մարզպետը՝ մանրամասնելով. - «Հիմնական խնդիրն եկել է դրսից՝ քաղաքացին, որը սկզբից վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ, վիրահատություն է անցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում, եկել է մարզ, եկել է գյուղ, իրեն տեսակցողները, և այսպես տարածվել է, էլի»:
«Արագ տարածում չունենք, արագ տարածում, որ ներկայացնեն՝ իբր բռնկում, արագ տարածում, այսպիսի դեպքեր չունենք: Քաղաքացին վերադարձել է բժշկական հաստատությունից, որոշ ժամանակ հետո սկսել է ջերմել, արագ միջոցառումներ են ձեռնարկվել, պարզվել է, որ այս հիվանդությունով, վիրուսով է վարակվել», - պատմեց Գրիգորյանը: Նա հայտնեց, որ բոլոր վարակվածների նախնական վիճակը լավ է, նորմալ է, որևէ մեկը լուրջ առողջական խնդիր չունի, նույնիսկ՝ վիրահատվածը, նրանք գտնվում են հսկողության տակ:
«Մարզում այլ դեպքեր չունենք բացի Արենիից», - ասաց մարզպետը:
Հիշեցնենք՝ շաբաթ օրը պարետի որոշմամբ սահմանվել է Արենի համայնք մուտք ու ելք կատարելու հատուկ ռեժիմ: