Բրազիլիայում կտրուկ աճում է վարակակիրների թիվը, մեկ օրում` 15 հազար դեպք

Բրազիլիա-Սան Պաուլոյում հիվանդանոցում գտնվող վարակիրը տեսակապով զրուցում է ընտանիքի հետ, 11-ը մայիսի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 4 միլիոն 700 հազարի, զոհվել է շուրջ 311 հազար 500 մարդ: Ըստ Worldmeters կամավորների միջազգային խմբի հաշվարկների՝ վարակակիրների և մահացության ցուցանիշով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է՝ ավելի քան 1 միլիոն 507 հազար վարակակիր, 90 հազար 113 զոհ:

Վարակակիրների թվով ԱՄՆ-ին հաջորդում է Ռուսաստանը՝ 281 հազար 752 հաստատված դեպք:

Վերջին օրերին վարակվածների թիվը կտրուկ աճում է Բրազիլիայում, որն այդ ցուցանիշով առաջ է անցել Իսպանիայից և Իտալիայից՝ զիջելով միայն ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Մեծ Բրիտանիային: Միայն վերջին 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում հաստատվել է վարակի շուրջ 15 հազար նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 233 հազար 142-ի: Ընդ որում Բրազիլիայում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Մեծ Բրիտանիայի համեմատ, թեստավորում են բնակչության չնչին մասին, համաճարակաբանների համոզմամբ՝ վարակվածների իրական թիվը էապես բարձր է: