Ուզբեկստանը կորոնավիրուսի կապակցությամբ ևս 15 օրով երկարաձգել է կարանտինի ռեժիմը, սակայն իշխանությունները մեղմել են որոշ սահմանափակումներ:
Կառավարական հանձնաժողովը հայտնել է, որ կարանտինը կգործի մինչև հունիսի 1-ը: Որոշ տնտեսական գործառույթներ այսօրվանից կարելի է վերսկսել:
Ուզբեկստանում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով ախտահարվել է 2 հազար 652 մարդ, մահացել է 11 հիվանդ:
Հարևան Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում հանրային տրանսպորտն աշխատում է առավոտյան ժամը 6-ից մինչև երեկոյան 10-ը:
Ղազախստանում չեղարկել են արտակարգ դրությունը, սակայն որոշ սահմանափակումներ դեռ մնացել են ուժի մեջ:
Պաշտոնական տվյալներով` Ղազախստանում կորոնավիրուսով ախտահարվել է 5 հազար 689 մարդ, մահացել է 34 հիվանդ:
Տաջիկստանում ախտահարվածների թիվը 907 է, մահացել է 29 մարդ:
Ղրղզստանում գրանցվել է կորոնավիրուսի 1111 դեպք, մահացել է 14 մարդ:
Թուրքմենստանը մնում է տարածաշրջանի միակ երկիրը, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել: Փորձագետներն արժանահավատ չեն համարում Թուրքմենստանից ստացվող տեղեկատվությունը: