Նոր կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում անցել է 302 հազարը: Վիրուսի հարուցած COVID-19 շնչառական հիվանդությունից մահերի մեծ մասը գրանցվել է Եվրոպայում և Միացյալ Նահանգներում:
ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի մասնագետների փոխանցմամբ, աշխարհում ընդհանուր հաշվով ախտահարվածների թիվը մոտեցել է 4,5 միլիոնի:
Մեծ թվով երկրներ սկսել են աստիճանաբար թուլացնել համավարակի կապակցությամբ սահմանված արգելքները:
Մինչդեռ Չինաստանում, որը համարվում է կորոնավիրուսի ծագման օրրանը, մեկ ամիս շարունակ պաշտոնական աղբյուրները չեն հաղորդել COVID-19 հիվանդությունից մահվան դեպքերի մասին:
Արևմտյան երկրների փորձագետները կասկածի տակ են առնում կորոնավիրուսի վերաբերյալ Պեկինից ստացվող տվյալների արժանահավատությունը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինին բազմիցս մեղադրել է համավարակի ծագման և ծավալման մասին տեղեկատվությունը նախ թաքցնելու, ապա` ուշացումով միջազգային համայնքին փոխանցելու համար: Պեկինը հերքում է այդ մեղադրանքները: