Մայիսի 18-ից կգործի հանրային տրանսպորտը, կբացվեն մոլերը, մարզասրահները. պարետ

Արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգվեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց՝ ստիպված են գնում այս քայլին, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված գուցե շատ կոնկրետ գործողություների անհրաժեշտություն լինի։

Այսպիսով՝ մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրությունը կշարունակվի մինչև հունիսի 13-ը։

«Կա մի պարագա, որն իրականացնելու համար կարծես թե միայն արտակարգ դրության գործիքն է կիրառելի: Դա այն դեպքն է, երբ կոնկրետ բնակավայր անհրաժեշտ է փակել», - ասաց վարչապետը:

Խաղի նոր կանոները սահմանում է պարերատունը, դրանց կիրառմանը, Փաշինյաի խոսքով, շատ խիստ հետևելու է ոստիկանությունը:

Ըստ այդմ՝ մայիսի 18-ից կգործի հասարակական տրասպորտը, կբացվեն մանկապարտեզները, առևտրի իրականացման վայրերը, այդ թվում մոլերը, ստեղծագործական խմբերը, մարզասրահները, այդ թվում լողավազանները։ Հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում։

Այս սահմանափակումների վերացման մասին արդեն ԱԺ-ում արտակարգ դրության առթիվ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը․ - «Այս թուլացումները մեզանից հավելյալ ջանք են պահանջում, մեզանի հավելյալ ուշադրություն են պահանջում և հավելյալ պատասխանատվություն են պահանջում, որպեսզի վարակի տարածման արագությունը հնարավորինս պահպանվի այն չափով, որքանով որ հիմա է»։

Մայիսի 25-ից պարտադիր կլինեն դիմակները, ընդ որում՝ ոչ միայն փակ, այլև բաց վայրերում։ Այս կետի հետ կապված մտահոգությունները շատ էին։ Դիտարկմանը, թե դիմակները թանկ են, պատասխան հնչեց՝ օգտագործեք ինքնաշեն կտորներ, շարֆեր։ Իսկ ի պատասխան պնդմանը, թե դիմակով մարզվելն անիմաստ է, Ավինյանն արձագանքեց կատակով՝ ծայրահեղությունների հետևից չենք ընկնում, խելագարության կանխվարկածով չենք առաջնորդվում։

Ի դեպ, դիմակներ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր է լինելու ոլորտի գործարկմանը զուգընթաց, այսինքն՝ հենց մայիսի 18֊ից։ Նաև տրասնպորտային միջոցը չպետք է գերբռնված լինի։

«Ծայրահեղ զգուշավոր պետք է լինեն տնտեսվարողները՝ թույլ չտալով առանց դիմակի մարդու մուտքը որևէ փակ հաստատություն», - հավելեց Ավինյանը՝ զգուգացնելով, որ հակառակ դեպքում կարող են նպաստել վարակի տարածմանը և պարզապես փակվել։

Պատգամավորների մի մասը, հատկապես ԲՀԿ-ի ներկայացուցիչները մտահոգված էին, որ ընդունված որոշումները իրականացնելու տեսնակյունից խնդրահարույց են․ - «Եթե քաղաքացին գիտի, որ ինքը ռեստորան գնալիս պիտի դիմակ կրի, բայց լավ գիտի, որ ուտելիս չպիտի կրի, ինքը չի կրելու»։

«Մենք չենք ուզում, որ մեր այգիներում մահճակալներ դրվեն, և մարդիկ մեր աչքի առաջ մահանան», - հակադարձեց Ավինյանը՝ շարունակելով․ - «Հիմա լավ օրից չի, որ էդ պահանջը դնում ենք․․․ Էս պահանջները դրվում են նրա համար, որպեսզի մենք հնարավորինս փորձենք չգնալ էն վատ սցենարով գնացած երկրների ճանապարհով»։

Պարետատան սահմանած կանոները խախտողները կտուգանվեն։ Ավինյանից տեղեկանում ենք, որ հանրապետությունը կբաժանվի 119-ի շրջանի, որոնցից յուրաքանչյուրում հսկողություն կիրականացնեն մեկ ոստիկան և մեկ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից։

Պատգամավորներից շատերին, այդուհանդերձ, մտահոգում էին տուգանքները. և՛ դրանց չափը, և՛ այն, որ կարծես հստակ մոտեցում սահմանված չէ, թե ոստիկանը որ դեպքում պետք է տուգանի։

Ավինյանն ընդունեց, որ 100 հազար տուգանքը գուցեև շատ է, և թերևս խնդրեն Արդարադատության նախարարին վերանայել դրա չափը։ Ապա ավելացրեց․ - «Տուգանքի մասին պետք չէ մտածել, պետք է մտածել չվարակվելու և չվարակելու մասին»։

Թեպետ արտակարգ դրությունը երկաձգվում է, այդուհանդերձ պարետից տեղեկանում ենք, որ վաղվանից արդեն կվերականգնվեն կանոնավոր չվերթները Ռուսաստանից․ - «Որոշակի կանոնավոր տրամաբանութամբ հնարավորություն ենք տալու վերադառնալ Հայաստանի Հանրապետություն՝ արդեն ինքնամեկուսացման ռեժիմի խստիվ պահպանման պայմանով»։

Պարետը նշեց նաև, որ արտակարգ դրության պայմաններում պարետատան սահմանած նոր կանոներին արդեն կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքէջում։

Ի դեպ, ընդդամիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ամբողջ կազմով չէր մասնակցում այսօրվա նիստին։ Ավելի վաղ ֆեյսբուքյան էջում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել էր․ - «Ակնհայտ է, որ արտակարգ դրության ժամկետի երկարացումը ոչ միայն հակասում է օրենքին, այլ նաև հետապնդում է առավելապես քաղաքական նպատակներ»։

Նկատենք նաև, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կոչ արեց միֆեր ու դավադրություններ չփնտրել՝ ընդգծելով, թե որևէ հարցի լուծում հնարավոր չէ առանց քաղաքացու մասնակցության։

«Սա բլեֆ չէ, սարքած գործ չէ», - վստահեցրեց վարչապետը։