Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 18-22-ը կանցկացնեն «լայնածավալ ռազմական զորավարժություններ»՝ մինչև 10 հազար զինծառայողի մասնակցությամբ, շուրջ 120 միավոր հրետանու և զրահատեխնիկայի, 200 միավոր հրթիռահրետանային համալիրների, 30 միավոր ավիացիայի և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ, հաղորդում է երկրի ռազմական գերատեսչությունը:
Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ զորավարժությունների ընթացքում կմշակվեն տարբեր զորատեսակների մարտական պատրաստությունը, գործողությունների պլանավորումը և ապահովումը, փոխգործողությունը, կստուգվեն հարվածային խմբավորումների մանևրային և կրակային հնարավորությունները:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հրապարակած հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի կողմից զորավարժության անցկացումը՝ շեշտելով, որ դրա ընթացքում «Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ»: