ԱՄՆ դեսպանատունն ուրախությամբ է արձանագրում Freedom House-ի զեկույցում Հայաստանի աննախադեպ ցուցանիշը

Երևանում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունն «ուրախությամբ արձանագրում է, որ ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել»։ Այս մասին ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

«USAID Armenia- ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար», - վստահեցնում է Երևանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID), իր հերթին, տարածած հաղորդագրությունում շեշտել է. - «Հայաստանն ամենաբարձր ցուցանիշն է գրանցել Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների ցանկում։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը տպավորիչ առաջխաղացում է արձանագրել ընտրական գործընթացներում և կոռուպցիայի վերահսկման գործում»:

«ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակում է աջակցել կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և քաղաքացիներին՝ մշակելու և իրականացնելու դեմոկրատական բարեփոխումներ։

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է Հայաստանին՝ ունենալու ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ, և շարունակում է նպաստել ընտրական ինստիտուտների ամրապնդմանը, աջակցել Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը:

Ունենալով մեր հայ գործընկերների՝ կոռուպցիան արմատախիլ անելու հանձնառաությունը՝ նպաստում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի զարգացմանը։

Մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների մեծ շրջանակի՝ տեղեկացնելու, ներգրավելու և քաղաքացիներին զինելու անհրաժեշտ գիտելիքներով՝ դառնալու երկրի ժողովրդավարական ապագայի ակտիվ մասնակիցներ», - ասված է հաղորդագրությունում: