Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 23 անձի. ՔԿ

Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 23 անձի, 4-ի վերաբերյալ որոշում է կայացվել ձերբակալելու մասին, հայտնաբերվել է դեպքին մասնակից անձանց ավտոմեքենաներից 10-ը, ինչպես նաև՝ նրանց կողմից գործադրած զենքերից 2-ը:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նրանցից 1-ին մեղադրանք է առաջադրվել՝ 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում առերևույթ սպանության փորձերի համար: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզում Նորատուսի և Գավառի մի խումբ բնակիչների փոխհրաձգության հետևանքով երկու մարդ սպանվել է, մեկը Նորատուսի բնակիչ, մյուսը՝ Գավառի։ Եվս վեց մարդ վիրավորվել է։

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ։