Սեդա Սաֆարյանի հարազատների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվողներից մեկը կալանավորվել է. ՔԿ

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվող երկու անձանցից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է, հայտնում են Քննչական կոմիտեից:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ապրիլի 24-ին Երևան քաղաքի Մուշ թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն են գործադրել:

ՔԿ-ից հայտնում են՝ նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

«Ազատության» հետ զրույցում Սեդա Սաֆարյանն ասել էր, որ իր հարազատների՝ դստեր, փեսայի, նրանց ընտանիքի անդամների ծեծը կապում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մարդկանց, օլիգարխների հետ՝ դա դիտարկելով որպես պատասխան իր փաստաբանական գործունեությանը։