Վրացական ընդդիմության և վարչապետ Գեորգի Գախարիայի կառավարության միջև երկու ամիս առաջ ձեռք բերված սկզբունքային համաձայնությունները տապալման եզրին են: Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խուսափում է կատարել մարտի 8-ի համաձայնագրով ստանձնած իր իսկ պարտավորությունները:
Թբիլիսիում հավատարմագրված արևմտյան դեսպանների միջնորդությամբ ձեռք բերված այդ պայմանավորվածությունների համաձայն, հիշեցնենք, ընդդիմությունը հրաժարվում էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման պահանջից` համաձայնելով, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները անցկացվեն թե՛ կուսակցական ցուցակներով և թե՛ մեծամասնական ընտրակարգով: Փոխարենը, Վրաստանի իշխանությունները խոստանում էին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Համաձայնագրի կնքումից ավելի քան երկու ամիս անց էլ, սակայն, ընդդիմադիր մի շարք գործիչներ շարունակում են մնալ ճաղերի ետևում: Դրանց թվում են Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին, ընդդիմադիր «Մտավարի արխի» հեռուստաընկերության բաժնետեր Գեորգի Ռուռուան: Դրան էլ գումարած՝ մինչ օրս չեն կարճվել ընդդիմադիր «Լելո» շարժման առաջնորդ Մամուկա Խազարաձեի, «Ազգային միացյալ շարժման» ղեկավար անդամներ Գիգա Բոկերիայի և Նիկա Մելիայի դեմ հարուցված քրեական գործերը:
Վրաստանի իշխանությունները այսօր, սակայն, պնդում են, թե առաջին անգամ են լսում քաղբանտարկյալներին ազատ արձակելու խոստման մասին: Նախ, որովհետև երկրում քաղբանտարկյալներ չկան, բացի այդ, նրանց խոսքով, իրավական երկրում կառավարությունը չի կարող հանդես գալ անկախ դատական համակարգին դատավճիռներ թելադրողի դերում:
«Ոմանք պնդում են, թե քաղաքական պայմանավորվածությունների առարկա կարող են դառնալ անկախ ինստիտուտների կողմից կոնկրետ քրեական գործերի առթիվ կայացված կոնկրետ որոշումներն ու դատավճիռները: Ես կարծում եմ, որ դա անընդունելի է և անհնարին: Մեր քաղաքական թիմում չկա որևէ մարդ, որ կարող էր մասնակցել նման քննարկումների», - նախօրեին Աջարիա կատարած այցի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
Քաղբանտարկյալների պահով համաձայնությունների առկայության փաստը հերքում է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալաքվաձեն:
«Ստորագրված համաձայնագրի շրջանակներում իշխող կուսակցությունը որևէ պարտավորություն չի ստանձնել, թե անօրինական հանձնարարություն է տալու, ասենք, նախագահին, դատարաններին կամ դատախազությանը Ուգուլավայի, Օքրուաշվիլիին կամ Ռուռուային ազատ արձակելու վերաբերյալ», - նշել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը` պնդելով, թե արմատական ընդդիմությունն ի սկզբանե նպատակ ուներ քաղաքականացնել այս ողջ գործընթացը:
Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, պնդում են` «Վրացական երազանքը», օգտվելով կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակից, նախ կարողացավ երկու ամիս ժամանակ շահել, ապա պարզապես որոշեց խախտել նախկինում տրված խոստումները:
«Ես որպես այդ հանդիպումների մասնակից կարող եմ վկայել` համաձայնագիրը երկու բաղադրիչ է ունեցել, մեկը վերաբերում էր համամասնական ընտրակարգին, երկրորդը` բանտարկյալներին: Ես հատուկ չեմ օգտագործում քաղբանտարկյալ բառը, քանի որ իշխանությունները կտրականապես դեմ էին այդ տերմինի կիրառմանը: Չնայած դրան, երկու հարցերի շուրջ էլ համաձայնությունը կայացվել է, և առանձին թղթերի վրա դրանց տակ ստորագրություններ են դրվել», - հայտարարել է «Միասնական Վրաստան-ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:
«Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեի խոսքով՝ կառավարության գործողությունները այնքանով են տարօրինակ, որ մարտին կայացած բանակցությունների ընթացքում նաև միջնորդներ էին ներկա, որոնք էլ կարող են վկայել, թե ինչ համաձայնություններ են ձեռք բերվել ընդդիմադիրների և իշխող կուսակցության միջև:
«Երկու փաստաթղթերի տակ էլ առկա են մեր միջազգային գործընկերների` ԱՄՆ-ի, Գերմանիայի, ԵՄ ներկայացուցիչների վավերացնող ստորագրությունները: Եթե իշխող թիմը խախտի պայմանավորվածությունները, կարժանանա միջազգային գործընկերների շատ կոշտ գնահատականին», - ասել է Վաշաձեն:
Վրաստանի միջազգային գործընկերների արձագանքն, ի դեպ, չուշացավ: Երեկ ուշ երեկոյան Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ` դիվանագիտական լեզվով հասկացնելով, որ քաղբանտարկյալների հարցը մարտին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում էր:
«Ցանկանում ենք ընդգծել, որ կնքված համաձայնագիրը կազմված էր երկու մասից: Մեկը վերաբերում էր ընտրական համակարգին, մյուսը` դատական համակարգի գործունեությանը քաղաքական առերևույթ միջամտությանն առնչվող հարցերի լուծմանը: Կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ձեռք բերված համաձայնագրի երկու հատվածների տառին և ոգուն` հասնելով փաստաթղթի հաջող կյանքի կոչմանը», - նշված է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հայտարարության մեջ: