Գեղարքունիքում վերջին երկու օրերին հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, արխիվ

Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 քաղաքացի։ Այս մասին հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը:

Նրա փոխանցմամբ` արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

«Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան և Մարտունի (քաղաք) համայնքներում»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում` հավելելով, որ բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, ըստ բժշկական ցուցումների` կատարվում է քաղաքացիների ինքնամեկուսացման և մեկուսացման գործընթացը։

Ընդհանուր առմամբ՝ Գեղարքունիքի մարզում հաստատվել է վարակվելու 181 դեպք, կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 3 մարդ։

Հիշեցնենք, որ մարզի Դդմաշեն համայնքի ելքն ու մուտքը պարետի որոշմամբ փակ է մայիսի 6-ից՝ 10 օրով։ Այստեղ վարակի օջախ էր դարձել հուղարկավորության արարողությունը, որի հետևանքով կորոնավիրուսի ավելի քան 40 դեպք է արձանագրվել, «Ազատությանն» ասել էր մարզպետ Գնել Սանոսյանը։

Գեղարքունիքի մեկ այլ համայնքի՝ Վարդենիսի ելքն ու մուտքը երեկ ուշ երեկոյան արդեն բացվել է։ Այն փակ էր ապրիլի 22-ից։