Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 138-ով՝ հասնելով 3 հազար 313-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 58-ով և հասել 1325-ի:
Երեկ արձանագրվել է մահվան մեկ դեպք, մահերի թիվը հասավ 45-ի:
«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 74 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 15 է»,- տեղեկացնում են նախարարությունից։
Իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 31 հազար 590 է:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1928 մարդ:
Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում: Նախարարը նշել է, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մայիսի 24-ին կունենանք մոտ 6 հազար 350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12 հազար 700 դեպք:
Նախարարն ընդգծել է, որ ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ պահպանել բոլոր կանոնները: