Սեուլը զգուշացնում է` հնարավոր է համաճարակի երկրորդ ալիք

Հարավային Կորեա-Սեուլի առևտրի կենտրոններից մեկը, մարդիկ դիմակներ են կրում, 6 մայիսի, 2020թ.

Հարավային Կորեայի մայրաքաղաքում ռեստորաններն ու բարերը կրկին փակվել են երկու շաբաթով, երբ մասնագետները կորոնավիրուսի նոր օջախներ են հայտնաբերել: Նախագահ Մունը զգուշացրել է` հնարավոր է բռնկման երկրորդ ալիք. «Համաճարակը չի ավարտվել, քանի դեռ արձանագրվում են նոր դեպքեր»,- հայտարարել է նա ժողովրդին հղած ուղերձում:

Երեկ երկրում վարակի 34 դեպք է արձանագրվել, սա ամենամեծ ցուցանիշն է անցած մեկ ամսվա մեջ: Առողջապահության նախարարը հայտարարել է, թե կառավարությունը երկուշաբթի կորոշի` բացել դպրոցները մայիսի 13-ից, ինչպես ավելի վաղ էր որոշվել, թե հետաձգել այդ ծրագիրը:

«Մենք տևական պատերազմի մեջ ենք և մեր աչալրջությունը երբեք չպետք է կորցնենք»,- հայտարարել է նախագահը:

Ավելի քան 50 միլիոն բնակչություն ունեցող երկրում, ընդհանուր առմամբ, վարակի 10 հազար դեպք է արձանագրվել, մահացել է 256 մարդ: