Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 3 միլիոն 650 հազարին, բուժվածների թիվն անցավ 1 միլիոն 200 հազարը, մահացածներինը՝ 250 հազարը: Վերջին օրվա ընթացքում մահացել է ավելի քան 4 հազար մարդ: Մահացությունը ընդհանուր առմամբ նվազում է, բայց որոշ երկրներում, օրինակ՝ Բրազիլիայում, հիվանդների և մահացածների թիվն աճում է:
Միացյալ Նահանգների նախագահը կանխատեսել է, որ կորոնավիրուսից մահացածների վերջնական թիվը 100 հազար կլինի: ԱՄՆ-ում, վերջին տվյալներով, արդեն իսկ մոտ 70 հազար մարդ է մահացել այս վարակից: Միացյալ Նահանգներն աշխարհում առաջինն է հիվանդների և մահացածների թվով: Ըստ The New York Times-ի ՝ Թրամփի վարչակազմում փաստաթուղթ է շրջանառվում շատ ավելի վատ կանխատեսումներով, բայց Սպիտակ տունը դա պաշտոնապես չի հաստատում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «շահարկում» է անվանել ամերիկացի քաղաքական գործիչների մեղադրանքները Ուհանի լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի մասին:
Իսկ Տաջիկստանում ԱՀԿ ներկայացուցիչների այցի նախօրեին պաշտոնապես «հայտնվեցին» Covid-19-ով առաջին հիվանդները և առաջին զոհերը:
Չինաստանը Մոսկվա-Պեկին չվերթի ուղևորներից տեղեկանք է պահանջում կորոնավիրուսի բացակայության մասին:
Ֆրանսիայի Սենատը մերժել է կառավարության առաջարկած ծրագիրը մայիսի 11-ից հետո մեկուսացումից դուրս գալու վերաբերյալ: Վարչապետը Սենատում նախագիծ էր ներկայացրել՝ ասելով, որ անհնար է շարունակել պահպանել կարանտինային ռեժիմը: Ըստ Էդուար Ֆիլիպի՝ զբոսաշրջության, արվեստի, գաստրոնոմիայի ոլորտում աշխատողները դադարեցրել են իրենց գործունեությունը: Վարչապետի խոսքով՝ կարանտինի շարունակումը կնշանակի խաթարել տնտեսության զարգացումը, գյուղատնտեսությունը և կորցնել Ֆրանսիայի ներդրումային գրավչությունը: Անցյալ շաբաթ խորհրդարանի ստորին պալատն աջակցություն էր հայտնել կառավարության ղեկավարի ծրագրին:
Կրկնակի հետազոտություններից հետո պարզվել է, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին Փարիզի հիվանդանոցներում թոքաբորբից բուժվածների շրջանում Covid-19-ով հիվանդ է եղել: Նա ապաքինվել է: Փաստորեն, կորոնավիրուսով առաջին հիվանդը Փարիզում հոսպիտալացվել է դեռ դեկտեմբերին:
Երկու օր անընդմեջ Ռուսաստանում հայտնաբերվում է Covid-19-ի ավելի քան 10,5 հազար նոր դեպք, իշխանությունները դա բացատրում են թեստավորման ընդլայնմամբ: Մահացությունը, սակայն, երկրում ռեկորդային ցածր է մնում:
Այսօր Մինսկում տեղի կունենա Հաղթանակի շքերթի փորձը: Այն չի չեղարկվել, բայց որոշվել է անցկացնել առանց վետերանների: Բելառուսում, ըստ պաշտոնական տվյալների, հայտնաբերվել է կորոնավիրուսի գրեթե 17,5 հազար դեպք, մահացել է 109 մարդ: Հիվանդանոցներում գտնվողների թվի վերաբերյալ տվյալներ չկան:
Համաճարակի հետ կապված՝ Լեհաստանում նախագահական ընտրությունների ճակատագիրը դեռ պարզ չէ: Առաջին փուլը նախատեսված էր անցկացնել մայիսի 10-ին: Իշխող կուսակցությունն ընդունել է փոստով քվեարկելու մասին օրենքը, բայց այժմ այն Սենատում է, որտեղ ձայների մեծամասնությունը ընդդիմությանն է: